Վարչական դատարանը վարչական տույժի որոշումը ճանաչեց անվավեր․ դատարանն արձանագրեց ընթացակարգային և նյութական իրավունքի խախտումներ


  • 2025-05-07

Մեր վստահորդը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով վարչական մարմնի որոշումը, որով կիրառվել էր վարչական տույժ՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով։ Վարչական մարմինը հիմնվել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 5-րդ մասի վրա։
Հայցվորը դատարանում մատնանշել էր մի շարք խախտումներ, որոնք վերաբերում էին թե՛ նյութական, և թե՛ ընթացակարգային իրավունքի դրույթների խախտմանը։ Մասնավորապես՝ վարչական ակտի հիմքում դրված արձանագրությունը չէր համապատասխանում Օրենսգրքի 255-րդ, 267-րդ և 279-րդ հոդվածների պահանջներին։ Արձանագրության մեջ բացակայել էին խախտման կոնկրետ նկարագրությունները, իրավախախտում կատարած անձի ինքնության վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև որևէ հիմնավորում, որ վկայեր մեր վստահորդի՝ տվյալ իրավախախտման կատարող լինելու մասին։
Բացի այդ, վարչական մարմինը չէր պահպանել վարչական վարույթն ամբողջական և բազմակողմանի իրականացնելու իր պարտականությունը՝ ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի։ Դատաքննության ընթացքում պարզվել էր, որ վարչական պատասխանատվությունն առաջադրվել էր իրավախախտման արձանագրումից ավելի քան երկու ամիս անց, ինչը հակասում է օրենքով սահմանված վաղեմության ժամկետներին։
Դատարանը, վերլուծելով ներկայացված փաստերը, փաստարկները և իրավական նորմերը, արձանագրել է, որ վարչական մարմինը խախտել է ինչպես ընթացակարգային, այնպես էլ նյութական իրավունքի պահանջները։ Վարչական ակտը կազմվել է օրենքի պահանջների և դատական պրակտիկայում ձևավորված դիրքորոշումների անտեսմամբ։ Դրա հիման վրա դատարանն ամբողջությամբ բավարարել է հայցը և ճանաչել վարչական մարմնի որոշումը անվավեր։

Ծանուցում
Թիվ ՎԴ/7310/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

 

 

Share