Վարչական ակտն անվավեր ճանաչվեց՝ ապացույցների անբավարարության հիմքով
.png)
- 2025-05-11
Մեր վստահորդը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչական մարմնի կողմից իր նկատմամբ կայացրած վարչական ակտը, որով նա ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ ՀՀ-ում չգրանցված դեղեր իրացնելու հիմքով։
Վիճարկվող վարչական ակտը կայացվել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի հիմքով։
Վարչական մարմինը, որպես ապացույցներ, ներկայացրել էր դեղատան զննման արձանագրությունը, փորձագիտական եզրակացությունը և ՀՀ առողջապահության նախարարության մերժման հրամանը։ Հայցվորը, սակայն, նշել էր, որ այդ փաստաթղթերը բավարար չեն իրավախախտման փաստը ապացուցելու համար և նշել էր մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝
- Վարչական վարույթի նյութերում բացակայում էին դեղերի իրացման ապացույցները, ինչը հակասում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի պահանջներին,
- Դեղերի գրանցված չլինելու հանգամանքը հիմնված էր նման լիազորություն չունեցող մարմնի եզրակացության վրա, մինչդեռ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 23-րդ հոդվածներով հստակ սահմանված է կոնկրետ լիազոր մարմնի իրավասությունը,
- Զննման արձանագրությունում չկար հստակ ապացույց, որ դեղերը դրված էին վաճառքի նպատակով:
ՀՀ վարչական դատարանը, վերլուծելով գործի նյութերն ու կիրառելի իրավանորմերը, արձանագրել է, որ վարչական մարմնի կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն եղել՝ հայցվորի կողմից իրավախախտման կատարման փաստը հաստատելու համար։
Վերոնշյալի հիման վրա վարչական դատարանը կայացրել է վճիռ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտը` հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը։
Այս գործով արձանագրված դատական ակտը ևս մեկ անգամ հաստատում է վարչական վարույթում ապացույցների լիարժեքության և օրինականության կարևորությունը։
Ծանուցում.
Թիվ ՎԴ/1031/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։