Վարչական դատարանը բավարարել է դեղերի ներմուծումը մերժելու վերաբերյալ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջը


  • 2025-05-14

Տնտեսավարողը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչական մարմնի կողմից կայացված այն հրամանը, որով մերժվել էր ընկերության կողմից 25 անվանում դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։
Վիճարկվող վարչական ակտը հիմնված էր այն պնդման վրա, որ ներմուծվող դեղերն ունեն բաղադրության անհամապատասխանություն և ՀՀ-ում գրանցված չեն՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ և 7-րդ կետերով։
Հայցվորը հայցադիմումում նշել էր, որ վարչական ակտը չի պարունակում բավարար փաստական և իրավական հիմնավորումներ՝ ապացուցված համարելու դեղերի մերժման իրավաչափությունը։ 
Մասնավորապես՝
- Վարչական մարմինը չէր ներկայացրել ապացույցներ, որ ներմուծվող դեղերը ըստ բաղադրության կամ որակի ցուցանիշների չեն համապատասխանում գրանցված դեղերին,
Վարչական մարմինը չէր իրականացրել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով իր վրա դրված պարտականությունները։

Վարչական մարմինը նշված հիմնավորումները չէր ապացուցել բավարար փաստաթղթերով՝ հղում անելով միայն դեղերի գրանցման բացակայությանը և գրանցամատյանի տվյալներին։
ՀՀ վարչական դատարանը, վերլուծելով գործի նյութերն ու կիրառելի իրավանորմերը, արձանագրել է, որ վարչական մարմինը չի հիմնավորել մերժման որոշման իրավաչափությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը որոշեց անվավեր ճանաչել դեղերի ներմուծումը մերժելու վերաբերյալ վարչական ակտը՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները։
Այս գործով կայացված վճիռը ևս մեկ անգամ ընդգծում է, որ վարչական մարմինների կայացրած որոշումները պետք է հիմնված լինեն հստակ, լիարժեք և իրավաչափ ապացույցների վրա, և օրենքի պահանջների խախտման պարագայում դրանք ենթակա են անվավեր ճանաչման։

Ծանուցում
Թիվ ՎԴ/3956/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

 
Share