«Մեգա Շին» ՍՊ ընկերությունը դատական կարգով ապացուցեց ՊԵԿ-ի կողմից կազմված ստուգման ակտի բովանդակային խախտումները
- 2025-06-03
«Մեգա Շին» ՍՊ ընկերության անունից հայցադիմում էինք ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ստուգման ակտը մասնակի՝ շահութահարկի և ավելացված արժեքի հարկի մասերով անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցադիմումով նշել էինք, որ վիճարկվող ակտը չի բովանդակում մի շարք հիմնարար պահանջներ՝
- Վարչական ակտի հիմնավորվածության և որոշակիության պահանջները.
Վարչական ակտում չկար հստակ մատնանշում այն գործարքների վերաբերյալ, որոնց հիմքով կատարվել է շահութահարկի և ԱԱՀ-ի վերահաշվարկ։ Այս կերպ խախտվել են ՀՀ հարկային օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ և 57-րդ հոդվածները։
- Հարկ վճարողի իրավունքների իրացման սահմանափակումներ.
Հարկային ստուգման հանձնարարագրում նշված չէր ՀՀ հարկային օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հարկ վճարողի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև խախտվել էին ՀՀ հարկային օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված իրազեկման սկզբունքները։
Ապացույցների բացակայություն.
Վարչական ակտը չէր պարունակում բավարար ապացույցներ, ինչպես նաև դրանց վերաբերյալ փաստաթղթերը հայցվորի պահանջով չէին տրամադրվել, ինչը խոչընդոտել էր վերջինիս՝ բողոքարկման իրավունքի լիարժեք իրացմանը։
Վարչական դատարանը փաստեց, որ ՊԵԿ-ի վարչական ակտը չի բավարարում ՀՀ իրավական ակտերով սահմանված վարչական ակտի կառուցվածքային պահանջներին։
- Դատարանը հիմնվեց ինչպես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների վրա, այնպես էլ ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների վրա։
- Շեշտադրեց, որ վարչական ակտում բացակայում են կոնկրետ գործարքների նկարագրությունները, դրանց վերաբերող խախտումները, ինչպես նաև իրավական և փաստական գնահատականները, ինչը հակասում է վարչական ակտին ներկայացվող իրավական որոշակիության սկզբունքին։
- Դատարանը հիշատակել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որոնց համաձայն՝ իրավական նորմերի կիրառման համար նախադրյալ պետք է լինի դրանց հիմքում ընկած փաստական հանգամանքների սպառիչ շարադրանքը։
Դատարանը վճռեց՝ անվավեր ճանաչել 30.06.2021թ. թիվ 3004529 ակտը մասնակի՝ շահութահարկի և ԱԱՀ-ի մասերով:
Այս գործը փաստում է, որ ՊԵԿ-ի կողմից ընդունված վարչական ակտերը՝ նույնիսկ թվային տեսքով խիստ հիմնավորված թվացող, կարող են ոչ իրավաչափ լինել, եթե չեն բխում վարչական վարույթի ընթացակարգային և բովանդակային պահանջներից։ Սույն դատական ակտով ոչ միայն բացահայտվեց վարչական ակտի բովանդակային խախտումները, այլև իրավական բարձր մակարդակով ապացուցվեց հետևյալ իրավական նշանակություն ունեցող փաստերը՝
-ակտը չի ապահովում գործարքների հստակ նկարագրություն,
-խախտված են իրավունքի իրացման և պաշտպանվածության երաշխիքները,
-չկան բավարար ապացույցներ նման որոշում կայացնելու համար։
Իրավական պաշտպանության տվյալ գործընթացը վկայում է, որ նույնիսկ հարկային հարաբերությունների շրջանակներում վարչական մարմինների կողմից կայացվող ակտերը պետք է լիարժեք համապատասխանեն օրենքով սահմանված ընթացակարգային և բովանդակային պահանջներին, իսկ հարկ վճարողները, իրավաչափ պաշտպանության միջոցներից օգտվելով, ունեն արդյունավետ հնարավորություն՝ դատական կարգով վիճարկելու և վերացնելու այդ ակտերով նախատեսված բացասական հետևանքները։
Ծանուցում
Թիվ ՎԴ/9128/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։