Հանրային սննդի գործունեություն իրականացնելու իրավախախտման դեպքը չհաստատվեց․ դատարանն անվավեր ճանաչեց վարչական տույժ նշանակելու մասին որոշումը

- 2025-04-18
Մեր վստահորդ ընկերության տնօրենի նկատմամբ Երևանի քաղաքապետարանը կայացրել էր վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ նրան վերագրելով առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի գործունեություն իրականացնելու իրավախախտում։ Այս որոշումն ընդունվել էր՝ հիմք ընդունելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասը։ Մեր կողմից ՀՀ վարչական դատարան էր ներկայացվել հայցադիմում, որով վիճարկվում էր որոշման իրավաչափությունը՝ մի շարք էական պատճառներով։
Իրավախախտման դեպքի բացակայություն
Դեռևս 2019 թվականին նույն վարչական մարմնի կողմից արձանագրություն էր կազմվել՝ վերոհիշյալ իրավախախտման հիմքով, սակայն մեր վստահորդի վերաբերյալ վարույթն արդեն իսկ կարճվել էր վարչական շրջանի ղեկավարի կողմից՝ իրավախախտման փաստի բացակայության հիմքով։ Նույն իրադարձությունների և հանգամանքների համար նոր որոշում կայացնելը հակասում է օրենքին։
Տույժի առավելագույն չափի անհիմն կիրառում
Բացի այդ, վարչական մարմինը որոշման մեջ չէր ներկայացրել որևէ հիմնավորում, թե ինչու է ընտրել տուգանքի առավելագույն չափը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը նման որոշումների համար պահանջում է հստակ հիմքեր՝ հաշվի առնելով մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, սակայն դրանք բացակայում էին։ Դատարանը հաստատեց, որ նման մոտեցումը իրավաչափ չէ և խախտում է հայեցողական լիազորության սկզբունքը։
Ընթացակարգային խախտումներ
Վարույթի ընթացքում արձանագրվել էին մի շարք էական ընթացակարգային խախտումներ, մասնավորապես՝
• Արձանագրությունը ստորագրված չէր ենթադրյալ իրավախախտի կողմից,
• Արձանագրությունն ստորագրվել էր իրավասություն չունեցող պաշտոնատար անձի կողմից։
Սա նշանակում է, որ մեր վստահորդը փաստացի չէր տեղեկացվել իր իրավունքների մասին և զրկված էր արդյունավետ պաշտպանության հնարավորությունից, ինչպես պահանջվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով։
Դատարանի որոշում
Դատարանը, գնահատելով բոլոր ներկայացված փաստերն ու իրավական հիմնավորումները, եզրահանգեց, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կայացվել է խախտումներով՝ առանց իրավական հիմքի և ընթացակարգային պատշաճության։ Արդյունքում՝ դատարանը որոշեց, որ վարչական մարմնի կողմից:
Ծանուցում
Թիվ ՎԴ/1473/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: