Վարչական դատարանը կարճեց վարույթը՝ արձանագրելով վարչական ակտի վերանայման արդյունքում վեճը սպառված լինելու հանգամանքը

- 2025-05-12
Մեր վստահորդը՝ որպես ընկերության նախկին տնօրեն, դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտը, որով իր նկատմամբ կիրառվել էր վարչական տույժ։
Հայցվորը, վիճարկելով վարչական տույժ նշանակելու մասին որոշման օրինականությունը, դատարանում ներկայացրել էր մի շարք հիմնավորումներ: Մասնավորապես՝ Հայցվորրը փաստել էր, որ դեռևս մինչև ենթադրյալ իրավախախտման պահը դադարել էր հանդիսանալ ընկերության տնօրեն, ուստի չէր կարող կրել հաշվետվություն ներկայացնելու պարտականություն։ Վարչական մարմինը չէր ապացուցել, որ հայցվորն անձամբ մեղավոր է եղել ենթադրյալ իրավախախտման մեջ, ինչպես նաև չէր ապահովել վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ խախտելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը։
Վարչական ակտում վկայակոչված դեղերի առկայությունը այլ տնտեսվարողների դեղատներում չէր կարող ապացուցել դրանց իրացումը հենց մեր վստահորդի կողմից ղեկավարվող ընկերության միջոցով։ Վարույթի նյութերում բացակայում էին համապատասխան հաշիվ-ապրանքագրեր կամ այլ փաստաթղթեր։
Վարչական ակտի դատական կարգով վիճարկման պահին դեղերի պետական գրանցամատյանը պաշտոնապես չէր վարվում ՀՀ առողջապահության նախարարության կողմից, ինչի պատճառով տնտեսվարողը փաստացի զրկված էր դեղերի իրավական կարգավիճակը ստուգելու հնարավորությունից։
Բացի այդ, հայցվորը նշել էր, որ դեղերը ներմուծվել են արտակարգ իրավիճակի պայմաններում՝ կապված COVID-19 համավարակի հետ, ինչի արդյունքում օրենքով նախատեսված է եղել նաև ՀՀ-ում չգրանցված դեղերի ներմուծման և օգտագործման հնարավորությունը։
Այս իրավիճակում, վարչական մարմինը չէր կասեցրել վարույթը, թեև նմանատիպ դեպքերով արդեն գործեր քննվել էին վարչական դատարանում, ինչը կարող էր ազդել քննարկվող գործի ելքի վրա։
Մինչև դատաքննությունը վարչական մարմինը կայացրել էր նոր որոշում, որով անվավեր էր ճանաչել իր իսկ նախկին վարչական ակտը։ Դատարանն արձանագրել է, որ այս որոշմամբ վեճն ըստ էության սպառվել է։
Այս գործը ևս մեկ անգամ հաստատում է, որ վարչական ակտերի դեմ արդյունավետ իրավական պաշտպանությունը կարող է հանգեցնել ոչ միայն դատարանների կողմից ակտի անվավեր ճանաչման, այլև վարչական մարմնի՝ ակտը վերանայելու լիազորության իրացմանը։
Ծանուցում
Թիվ ՎԴ/4626/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։