Դատարանը բավարարեց Կապալառուի պահանջը՝ վճարային պարտավորության խախտման մասով

- 2025-04-18
Մեր հաճախորդը՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կապալառու ընկերություն, պայմանագրով ստանձնել էր վերանորոգման աշխատանքների իրականացումը՝ փուլային եղանակով։ Պայմանագրով սահմանվել էր վճարման հստակ մեխանիզմ․ յուրաքանչյուր փուլի նախահաշվային արժեքի 30%-ը պետք է վճարվեր որպես կանխավճար, իսկ մնացորդային գումարը՝ տվյալ փուլի ավարտից հետո՝ կատարողական ակտի ստորագրմամբ։
Հանձնման և ընդունման ակտով հաստատվել էր, որ 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կապալառուն իրականացրել է աշխատանքներ՝ 6,554,729 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։ Պատվիրատուի կողմից վճարված 2,050,000 ՀՀ դրամ կանխավճարից հետո մնացել էր 4,504,729 ՀՀ դրամ չվճարված գումար։
Չնայած կապալառուի կողմից խնդիրը արտադատական կարգով լուծելու ջանքերին, ներառյալ գրավոր ծանուցմանը, պատվիրատուն հրաժարվել էր կատարել իր պայմանագրային պարտավորությունները։ Արդյունքում, մեր հաճախորդի անունից հայց ներկայացվեց դատարան՝ պահանջելով ինչպես չվճարված գումարը, այնպես էլ դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսները։
Հիմք ընդունելով ներկայացված ապացույցներն ու իրավական դիրքորոշումը՝ դատարանն ամբողջությամբ բավարարեց հայցվորի պահանջը՝ արձանագրելով պայմանագրային պարտավորությունների խախտման փաստը և ճանաչելով կապալառուի սուբյեկտիվ իրավունքը՝ ստանալու կատարված աշխատանքների դիմաց հասանելիք գումարը։
Սույն գործի հաջող ավարտը ևս մեկ անգամ ընդգծում է մեր փորձառու փաստաբանների պրոֆեսիոնալիզմը պայմանագրային իրավունքի ոլորտում և մեր մոտեցումը արդյունավետությունը՝ պարտավորությունների կատարմանն ուղղված վեճերի կարգավորման հարցում։
Ծանուցում.
📂Թիվ ԵԴ/26061/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։