Պոլիէթիլենային տոպրակների իրացման համար նշանակված տուգանքը ճանաչվեց անվավեր՝ ապացույցների բացակայության հիմքով

- 2025-05-27
Վարչական դատարանը բավարարեց տնտեսավարողի ներկայացրած հայցը՝ անվավեր ճանաչելով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտը։ Դատարանը եզրակացրեց, որ վարչական իրավախախտման փաստը պատշաճ կերպով հիմնավորված չէր:
Վարչական մարմինը վարչական ակտով տուգանել էր հայցվորին՝ պնդելով, որ վերջինս իրացրել է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակներ՝ խախտելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9.2-րդ հոդվածի պահանջները։ Որպես ապացույց՝ ներկայացվել էր իրավախախտման արձանագրությունը, որը կազմվել էր հայցվորի բացակայությամբ և առանց վերջինիս ստորագրության։
Դատարանում հայցվորը նշել է, որ իրեն չեն ներկայացվել իրավախախտման հանգամանքները, իրեն չեն տեղեկացրել իր իրավունքների մասին, իսկ արձանագրությունը չի պարունակել կոնկրետ տվյալներ, այդ թվում՝ օգտագործված չափիչ սարքի բնութագրերը կամ ստուգաչափման վերաբերյալ փաստաթղթերը։ Հայցվորը ընդգծել է, որ արձանագրությունն ինքնին ձևական է եղել՝ առանց փաստական հիմքերի։
Դատարանը փաստել է, որ գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացվել, ինչի արդյունքում վարչական ակտը ճանաչել է ոչ իրավաչափ։
Վարչական դատարանը արձանագրել է, որ իրավախախտման փաստը պատշաճ կերպով ապացուցված չէր, և որոշումը կայացվել էր ընթացակարգային և նյութական իրավունքի նորմերի խախտմամբ։
Արդյունքում վարչական ակտը ճանաչվել է անվավեր:
Այս վճիռը վկայում է, որ վարչական տույժեր կիրառելիս վարչական մարմինները պարտավոր են ապահովել անձի իրավունքների ամբողջական պաշտպանություն և վարույթի օրինական ընթացք։
Ծանուցում
Թիվ ՎԴ/2709/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։