Դեղերի ներմուծումը մերժելու հերթական որոշումն անվավեր ճանաչվեց․ վարչական դատարանը հաստատեց իրավասության բացակայությունը

- 2025-05-07
Մեր վստահորդը՝ դեղերի մեծածախ իրացմամբ զբաղվող կազմակերպություն, դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչական մարմնի որոշումը, որով մերժվել էր դեղերի ներկրման թույլտվությունը։
Հայցվորը հիմնավորել էր, որ տվյալ որոշման հիմքում ընկած փորձաքննությունն իրականացվել էր ոչ իրավասու սուբյեկտի կողմից, մինչդեռ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նման փորձաքննություն իրականացնելու իրավասությունն վերապահված է ՀՀ առողջապահության նախարարությանը։
Դատարանը, վերլուծելով ներկայացված նյութերն ու իրավական հիմքերը, արձանագրել է, որ վարչական մարմինը հիմնվել է այնպիսի փորձագիտական եզրակացության վրա, որը կազմվել է առևտրային կազմակերպության կողմից, այսինքն՝ առանց օրենքով նախատեսված լիազորության, ինչն ինքնին խախտում է վարչական ընթացակարգը, քանի որ որոշումը չէր կարող ընդունվել օրենքով նման լիազորություն չունեցող առևտրային կազմակերպության կողմից տրված փորձագիտական եզրակացության հիմքով։
Անդրադառնալով վարչական վարույթի ընթացքին՝ դատարանը նշել է, որ վարչական մարմինը չի ապահովել գործի պատշաճ քննությունը, ինչի արդյունքում արձանագրել է նաև ընթացակարգային նորմերի խախտումներ։
Արդյունքում՝ դատարանը եզրակացրել է, որ մերժման մասին հրամանը չի բովանդակում բավարար իրավական և փաստական հիմքեր, ուստի պետք է ճանաչվի անվավեր։
Ծանուցում
Թիվ ՎԴ/3579/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։