Դատարանն անվավեր ճանաչեց վարչական ակտը՝ արձանագրելով հսկիչ գնման իրականացման ընթացակարգային խախտումներ

- 2025-05-08
Հայցվորը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչական մարմնի կողմից իր նկատմամբ կիրառված վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։
Ըստ վարչական ակտի՝ վերջինս ենթարկվել էր պատասխանատվության այն հիմքով, որ իրականացված հսկիչ գնման ընթացքում՝ բենզալցակայանում կատարված 1000 ՀՀ դրամի չափով գնման ժամանակ, չէր տրամադրվել հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոն։ Վարչական մարմինը պնդել էր, որ այդ գործողությունը խախտում է ՀԴՄ կիրառման կանոնները։
Հայցվորը, իր հերթին, վիճարկել էր այդ վարչական ակտը՝ ներկայացնելով մի շարք իրավական և ընթացակարգային առումներով խախտումներ։ Մասնավորապես՝ վարչական մարմնի կողմից իրականացված հսկիչ գնումը, ըստ հայցվորի, չէր ունեցել օրենսդրությամբ պահանջվող պատշաճ հանձնարարագիր, ինչը խախտել էր ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի պահանջները։ Հայցվորը նշում էր, որ ներկայացված փաստաթղթերում բացակայում էր հստակություն «ուսումնասիրվող ժամանակաշրջանի» վերաբերյալ, ինչը հակասել էր ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 3-րդ մասի և 343-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներին։
Բացի այդ, վարչական մարմինն իրականացրել էր հսկիչ գնում՝ առանց իրավական հիմքի, ինչը դատարանը գնահատել է որպես ոչ իրավաչափ վարչարարություն։
Դատարանը, գնահատելով ներկայացված փաստերը և իրավական հիմնավորումները, արձանագրել է, որ վարչական ակտն ընդունվել է օրենքի պահանջներին չհամապատասխանող հսկիչ գնման արդյունքում։ Դատարանը հաստատել է, որ հսկիչ գնման իրավական հիմքը՝ հանձնարարագիրը, չի համապատասխանել հարկային օրենսդրությամբ սահմանված պարտադիր պայմաններին։
Վերոնշյալի հիման վրա վարչական դատարանը կայացրել է վճիռ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտը։
Այս գործով կայացված դատական ակտը ևս մեկ անգամ հաստատում է, որ հսկիչ գնումների և վարչական պատասխանատվության կիրառման գործընթացում վարչական մարմինները պարտավոր են լիարժեքորեն պահպանել օրինականության սկզբունքը, իսկ դրանց խախտման արդյունքում կայացված վարչական ակտերը ենթակա են անվավեր ճանաչման։
Ծանուցում
Թիվ ՎԴ/2707/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։