Դեղերի ներմուծումը կարանտինի պայմաններում մերժվեց, սակայն դատարանը վերականգնեց ներմուծողի իրավունքները

- 2025-05-14
Տնտեսավարող ընկերությունը՝ դեղերի ներմուծմամբ և մեծածախ իրացմամբ զբաղվող կազմակերպություն, դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով մերժվել էր Ռուսաստանի Դաշնությունից մի շարք դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։
Վիճարկվող վարչական ակտում մերժման հիմք էին հանդիսացել այն հանգամանքները, որ դեղերը ՀՀ-ում գրանցված չեն, իսկ որոշ դեպքերում առկա են անհամապատասխանություններ արտադրողի, թողարկման ձևի և այլ բնութագրերի հետ։
Հայցվորը վիճարկել է վարչական ակտի իրավաչափությունը՝ մատնանշելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված հետևյալ խախտումները՝
- Վարչական մարմինը չի ապահովել վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ օրենքի 4-րդ, 5-րդ և 37-րդ հոդվածների իմաստով,
- Վարչական ակտում մատնանշված արտադրողի տվյալների անհամապատասխանությունները փաստացի գոյություն չունեն,
- Վարչական մարմինը անտեսել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բացառությունները, որոնք արտակարգ իրավիճակի պայմաններում թույլատրում են դեղերի ներմուծում՝ նույնիսկ, եթե պետական գրանցում չունեն,
- Հայցվորի կողմից ներմուծումը կատարվել է ՀՀ կառավարության 1834-Ն որոշմամբ սահմանված կարանտինի ժամանակահատվածում, սակայն վարչական մարմինը որևէ գնահատական չի տվել արտակարգ իրավիճակի ռիսկի առկայության վերաբերյալ,
Վիճարկվող վարչական ակտը հիմնված է այնպիսի ընկերության կողմից տրված փորձագիտական եզրակացության վրա, որը չունի օրենսդրությամբ սահմանված լիազորություն նման փորձաքննություններ իրականացնելու, և որը չի հանդիսանում վարչական մարմնի (լիազոր մարմնի) կառուցվածքային ստորաբաժանում:
ՀՀ վարչական դատարանը, վերլուծելով գործի նյութերն ու կիրառելի իրավանորմերը, արձանագրել է, որ վարչական ակտը չունի բավարար պատճառաբանական հիմք, չի պարունակում գործի էական հանգամանքների վերաբերյալ բազմակողմանի վերլուծություն, բացակայում են ներմուծումը մերժելու իրավաչափության փաստական և իրավական հիմնավորումները:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը որոշեց անվավեր ճանաչել դեղերի ներմուծումը մերժելու վերաբերյալ վարչական ակտը՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառելի դրույթները։
Դատական այս գործը վկայում է այն մասին, որ վարչական մարմինների կամայականությունը չի կարող գերակայել տնտեսավարող սուբյեկտների օրինական իրավունքների նկատմամբ, ուստի վարչական մարմինները պարտավոր են վարչարարությունն իրականացնել իրավաչափ, հիմնավորված և օրենքով ամրագրված ընթացակարգերի շրջանակում։
Ծանուցում
Թիվ ՎԴ/2966/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։