ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրեց Երևանի քաղաքապետարանին համաձայնեցնել օդափոխության խողովակի էսքիզային նախագիծը


  • 2025-05-23

Մեր վստահորդը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին համաձայնեցնել Նոր-Նորք վարչական շրջանում՝ շենքի ճակատային հատվածում օդափոխության խողովակի տեղադրման էսքիզային նախագիծը։
Երևանի քաղաքապետարանը մերժել էր էսքիզային նախագծի համաձայնեցումը՝ հղում անելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին՝ պնդելով, որ հայցվորը չի ներկայացրել հարակից բնակարանների սեփականատերերի գրավոր համաձայնությունները։
Վարչական մարմնի դիրքորոշմամբ՝ առանց համասեփականատերերի համաձայնության հնարավոր չէ հաստատել օդափոխության էսքիզային նախագիծը։

Դատարանը, վերլուծելով գործի փաստական և իրավական հանգամանքները, արձանագրել է, որ հայցվորը դիմել է վարչական մարմնին 2022 թվականի ապրիլի 14-ին, և այդ պահին կիրառելի է եղել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթը։
Նշված որոշմամբ նման դեպքերի համար համասեփականատերերի համաձայնության պահանջ նախատեսված չէ։

Բացի այդ, դատարանը նշել է, որ օդափոխության խողովակի տեղադրումն իր կառուցվածքային բնույթով չի հանդիսանում շինության կառուցվածքային ամրությանը վերաբերող աշխատանք և չի առաջացնում համասեփականատերերի իրավունքների սահմանափակում։
Հետևաբար, օրենքի այն դրույթը, որով առաջնորդվել է քաղաքապետարանը, մերժման որոշման հիմնավորման համար կիրառելի չէր տվյալ իրավիճակի դեպքում։

Դատարանը եզրակացրել է, որ վարչական ակտը չի համապատասխանում գործող օրենսդրությանը, և որոշումը կայացվել է օրենքի սխալ կիրառմամբ։
Արդյունքում՝
Էսքիզային նախագծի հաստատումը մերժելու որոշումը ճանաչվել է անվավեր,
Քաղաքապետարանը պարտավորվել է համաձայնեցնել էսքիզային նախագիծը:

Այս որոշումը վերահաստատում է վարչական մարմինների կողմից նորմատիվ իրավական ակտերի ճշգրիտ կիրառման կարևորությունը՝ քաղաքացու և տնտեսավարողների իրավունքները սահմանափակող վարչարարություն իրականացնելիս։

Ծանուցում
Թիվ ՎԴ/3448/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

 
Share