Դեղերի ներմուծումը մերժելու հրամանների առանձնահատկության վերաբերյալ
- 2023-03-07
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դեղեր ներմուծող ընկերությանը մերժվել էր մի շարք դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել էինք, որ հրամանն ընդունվել է օրենքի խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ վիճարկվող հրամանի բովանդակությունից պարզ չէ յուրաքանչյուր դեղի ներմուծումը մերժելու իրավական հիմքը, ինչի արդյունքում էլ ընդունված վարչական ակտը որոշակի չէ:
Դատարանը, գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, արդարացիորեն փաստեց, որ վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած են այն փաստական հանգամանքները, որ ներմուծվող որոշ դեղերի մասով առկա են արտադրողի անհամապատասխանություն, որոշ դեղերի մասով առկա են որակական ցուցանիշների, դեղաձևի, թողարկման ձևի, անվան, պիտանիության ժամկետի անհամապատասխանություն, իսկ որոշ դեղերի մասով էլ գրանցման ժամկետն ավարտված է եղել, սակայն նշյալ փաստական հանգամանքների վերաբերյալ որևէ վերլուծություն կատարված չէ, դրանց որևէ գնահատական տրված չէ, պարզապես արձանագրված է այդ փաստական հանգամանքների առկայությունը:
Դատարանը, վկայակոչելով <<Դեղերի մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը, փաստեց, որ դեղերի ներմուծումը մերժելու իրավական հիմքը կարող է կիրառվել, եթե վարչական ակտում, որպես վարչական ակտի փաստական հիմք, նշված է տվյալ դեղի Հայաստանի Հանրապետությունում գրանցված չլինելու հանգամանքը, մինչդեռ վարչական ակտի բովանդակությունից բխում է, որ ներմուծվող դեղերի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված չլինելու վերաբերյալ փաստական հանգամանք վկայակոչված չէ և գրանցված չլինելու վերաբերյալ որևէ հիմնավորում ու եզրահանգում վարչական ակտում առկա չէ, ինչի արդյունքում հայցվորի համար չի ապահովվել նաև վարչական ակտի դեմ իրավական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը:
Այսպիսով, դատարանը հաստատված համարեց այն փաստը, որ վարչական մարմնի կողմից ընդունված որոշումն իրավաչափ չէ, որպիսի պայմաններում հայցը բավարարեց՝ անվավեր ճանաչելով դեղերի ներմուծումը մերժելու մասին որոշումը:
Ծանոթություն.
Թիվ ՎԴ/1237/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: