Փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունելու մասին
- 2023-05-05
Փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչվելու համար՝ Ա.Ո.-ն գիտակցված և ակտիվ գործողություններ էր ձեռնարկել իր մոր ժառանգությունն ընդունելու կապակցությամբ, այդ թվում՝ կատարել էր ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով մորը պատկանող անշարժ գույքի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման մատուցված ծառայությունների դիմաց վճարումները, միաժամանակ, բնակվելով այդ հասցեում, ձեռնարկել էր ակտիվ գործողություններ՝ գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ:
Այսինքն՝ Ա.Ո.-ն անշարժ գույքն իր մոր մահվանից հետո վեց ամսվա ընթացքում տիրապետել և տնօրինել էր:
Ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, այդ թվում՝ հարևանների և համատիրության նախագահի հայտարարությունները, <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի գրությունը, դատարանը հաստատված համարեց, որ առաջին հերթի ժառանգ հանդիսացող Ա.Ո.-ի կողմից իր մոր մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, վերջինիս ժառանգական զանգված հանդիսացող բնակարանում բնակվելը, այդ ընթացքում վերջինիս գույքը տիրապետելը և կառավարելը վկայում են դիմումատույի կողմից ժառանգական գույքի կառավարմանը և տիրապետմանն ուղղված գործողությունների կատարման մասին, ինչը հիմք է փաստելու, որ դիմումատուն փաստացի տիրապետման եղանակով ընդունել է իր մոր ժառանգությունը:
Վերոգրյալի հաշվառմամբ դատարանն արդարացիորեն փաստեց, որ դիմումատուի փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջը հիմնավոր է և ենթակա բավարարման:
Ծանոթություն.
Թիվ ԵԴ/31202/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: