Դեղերի ներմուծման և իրացման առանձնահատկությունները


  • 2023-03-16

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որոշմամբ ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ 200,000 ՀՀ դրամի չափով՝ ՀՀ-ում չգրանցված դեղի իրացման համար, իսկ որպես իրավական հիմք՝ վկայակոչել էր «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 23-րդ հոդվածի 2-րդ մասերը:
Այսպես, ներմուծված դեղի փորձաքննությամբ պարզվել էր, որ առկա է ներմուծված դեղի և ՀՀ-ում գրանցված դեղի թողարկման ձևի անհամապատասխանություն: Նշված անհամապատասխանության վերաբերյալ արդեն իսկ անհրաժեշտ դիրքորոշում արտահայտող բազմաթիվ դատական ակտեր կան ուժի մեջ մտած, որոնցով հաստատվում է, որ այդպիսի անհամապատասխանությունը ձևական բնույթ է կրում, այնուհանդերձ, տեսչական մարմինը անտեսելով նշված հանգամանքները և հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները՝ տուգանել էր ընկերության տնօրենին:
Առաջադրված տուգանքը վիճարկվեց վարչական դատարանում, իսկ ներկայացված հայցադիմումով հայտնել էինք, որ վարչական մարմինն իր որոշման նկարագրական մասում չի շարադրել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կարող էին վկայել դեղի իրացման մասին, այլ կերպ ասած՝ տեսչական մարմինը որոշմամբ վկայակոչել էր մի իրավանորմ, որով նախատեսված է վարչական պատասխանատվություն դեղի իրացման համար, սակայն որոշման փաստակազմում բացակայում էր նման արարք կատարելու վերաբերյալ հիմնավորումները:
Հարկ է նշել, որ Հայցվորը, իր ձեռնարկատիրական գործունեության իրավական ռիսկերը ճիշտ գնահատելու համար, ստուգել էր ներմուծվող դեղի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) գրանցված և հավելվածի համապատասխան համարի տակ նշված դեղի հետ և փաստելով, որ այն իր բոլոր վավերապայմաններով համընկնում է, ողջամտորեն և իրավաչափորեն եկել էր այն եզրահանգման, որ տվյալ դեղի պահպանումն օրինական է և չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ուստի, հաշվի առնելով, որ բացակայում էին վերոնշյալ որոշման ընդունման համար անհրաժեշտ փաստական տվյալները և դրանք հավաստող ապացույցները, Հայցվորին վերագրվող իրավախախտման վերաբերյալ իրազեկված չլինելու հանգամանքը, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված՝ վարչական պատասխանատվության ենթարկելու երկամսյա ժամկետի բացթողնման փաստը, խնդրել էինք անվավեր ճանաչել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի որոշումը:
Դատարանն արձանագրեց, որ ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղի ներմուծումը և օրենքի խախտմամբ Հայաստանի Հանրապետություն դեղ ներմուծելը՝ բովանդակային առումով տարբեր արարքներ են, ընդ որում, դրանցից և ոչ մեկը չի նախատեսում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) դեղի իրացում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված դեղի իրացում կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքի խախտմամբ դեղի իրացում: Այսինքն, վարչական վարույթի վերջնական փուլում կատարված վարչարարության արդյունքում Հայցվորը ենթարկվել էր վարչական պատասխանատվության մի արարքի համար, որի վերաբերյալ կազմված չէր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ որևէ արձանագրություն, իսկ վարույթի նյութերում առկա արձանագրությամբ Հայաստանի Հանարապետությունում չգրանցված դեղի իրացման մասին ոչինչ արձանագրված չէ:
Դատարանն արդարացիորեն փաստեց նաևոր Հայցվորի կողմից կատարված թվով երկու արարքների՝ ՀՀ-ում չգրանցված դեղ ներմուծելու և ՀՀ օրենսդրության խախտմամբ դեղը ներմուծելու փաստերն ընդունելու պարագայում անգամ, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղի իրացման մասին խոսք գնալ չէր կարող, իսկ ՀՀ օրենսդրության խախտմամբ դեղի ներմուծման մասով վիճարկվող որոշմամբ հայցվորը վարչական պատասխանատվության չէր ենթարկվել, ընդ որում, վարչական վարույթի նյութերը, այդ թվում՝ վիճարկվող որոշումը, չեն պարունակում որևէ փաստարկ՝ այն մասին, թե ինչ հետագա ընթացք է ունեցել արձանագրված ենթադրյալ իրավախախտումը, որը դրսևորվել էր ՀՀ օրենսդրության խախտմամբ դեղի ներմուծմամբ:
Դատարանը, գնահատելով գործի քննության ընթացքում ներկայացված ապացույցները, եզրահանգեց, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն և պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես` վարչական գործի բոլոր, այդ թվում` վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը և գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա:
Տվյալ դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ կայանալիք գործի քննության մասին ծանուցումը հայցվորը ստացել է գործի քննության նախորդ օրը, ինչը որևէ կերպ չի կարելի համարել օբյեկտիվ ժամանակահատված՝ պատշաճ իրականացնելու իր իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունները:
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը եկավ այն համոզման, որ հայցը հիմնավոր է և ենթակա բավարարման:

Ծանոթություն.
Թիվ ՎԴ/4526/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

 

Share