Մատակարարման պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտում


  • 2024-09-29

Կողմերի միջև կնքվել էր ապրանքների մատակարարման պայմանագիր, որի համաձայն՝ մատակարարված ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի դիմաց գնորդը պարտավոր էր վճարել հաշիվ-ապրանքագրի դուրս գրման օրվանից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրով կողմերը նախատեսել էին, որ մատակարարված ապրանքի դիմաց սահմանված ժամկետում գումարն ամբողջությամբ չվճարելու դեպքում՝ մատակարարաըը կարող էր հաշվարկել տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար՝ վճարման ենթակա գումարի 0,01%-ի չափով:
Հայցվորը, պայմանգրով նախատեսված պարտավորությունների շրջանակում և հայցադիմումը փոստային ծառայություն մուտք անելու օրվա դրությամբ, Պատասխանողին մատակարարել էր ընդհանուր՝ 8,773,900 ՀՀ դրամի ապրանք:
Հայցադիմումով ներկայացվել էին երկկողմանի հաստատված հարկային հաշիվները և դրանց հիման վրա կատարված հաշվարկը՝ առկա պարտքի և դրա վրա հաշվեգրված տոկոսների վերաբերյալ:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 348-րդ, 352-րդ, 521-րդ հոդվածները՝ դատարան ներկայացված հայցադիմումով Հայցվորը խնդրել էր Պատասխանողից բռնագանձել պարտավորության ողջ գումարը, ինչպես նաև հաշվարկել և բռնագանձել կողմերի միջև կնքված պայմանագրի 4.1 կետով նախատեսված 0,01% չափով տոկոսագումար՝ հայցադիմումը դատարան մուտքագրելու օրվանից՝ մինչև պարտավորության փաստացի կատարումը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի առաջին մասի իրավակարգավորման համաձայն՝ Դատարանը Հայցվորի փաստարկները համարեց պատճառաբանություն և բավարար հիմք հայցապահանջը ամբողջությամբ բավարարելու համար:

Ծանոթություն.
Թիվ ԵԴ/59679/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

 

Share