Հավելյալ ցուցումը հիմք չէ դեղը Հայաստանի Հանրապետությունում չգրանցված ճանաչելու համար
- 2023-03-16
ՀՀ առողջապահության նախարարը հերթական հրամանն էր կայացրել դեղերի ներմուծումը մերժելու վերաբերյալ:
Այսպես, նախարարությունը ստացված փորձանմուշները ենթարկել էր փորձաքննության և պարզել, որ ներմուծվող դեղի արտաքին փաթեթի վրա նշված են հավելյալ ցուցումներ, սակայն նշված փաստական հանգամանքի վերաբերյալ որևէ վերլուծություն չէր կատարել և որևէ իրավական գնահատական չէր տվել, այլ պարզապես արձանագրել էր այդ փաստական հանգամանքի առկայությունը:
Համաձայն չլինելով մերժման հրամանի հետ՝ ներկայացրեցինք մեր հիմնավորումները, որոնք, հիմնականում, հանգում էին հետևյալին. հավելյալ ցուցումների առկայության վերաբերյալ պնդումը՝ որպես մերժման փաստական հիմք, պետք է ուղղակի կապի մեջ լինի մերժման իրավական հիմքի հետ, այնինչ նախարարը հրամանում կիրառել էր մի իրավանորմ, որը հնարավորություն է տալիս մերժել դեղի ներմուծումը՝ գրանցված չլինելու պատճառով, այսինքն՝ դեղի արտաքին փաթեթում հավելյալ ցուցումների առկայության հանգամանքը դեռևս բավարար չէ փաստելու, որ ներմուծվող դեղը գրանցված չէ ՀՀ-ում:
Բացի վերոգրյալը, հրամանը պարունակում էր նաև օտարալեզու հիմնավորումներ, ինչն ուղղակիորեն հակասում է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով նախատեսված՝ վարչական ակտի ընդունման լեզվական պահանջներին:
ՀՀ առողջապահության նախարարը դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով փորձեց հիմնավորել կայացված վարչական ակտը, սակայն դատարանը գտավ, որ նշված հիմնավորումները պետք է արտացոլված լինեին բացառապես մերժման հրամանում:
Վերոգրյալ հիմնավորումներով դատարանը վճռեց անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի ընդունած վարչական ակտը:
Ծանոթություն.
Թիվ ՎԴ/1556/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: