ՀՀ առողջապահության նախարարության հերթական որոշումն անվավեր ճանաչվեց
- 2024-09-29
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով ընկերության կողմից 3 անուն դեղի ներմուծումը մերժվել էր՝ ներմուծվող դեղերի, բաղադրակազմի <<օժանդակ նյութի քանակ>> բաժնի անհամապատասխանության, դեղերը ՀՀ-ում գրանցված չլինելու և ներմուծվող դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կազմակերպաիրավական տեսակի և հասցեի անհամապատասխանության փաստական հիմքերով:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ հրամանի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական և իրավական հիմքերը բավարար չեն դեղերի ներմուծումը մերժելու համար, Դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել էինք, որ վարչական մարմինը իրավասու չէր մերժելու խնդրարկվող դեղերի ներմուծումը <<Դեղերի մասին>> օրենքի 21-րդ հոդվածի ութերորդ մասին 2-րդ և 7-րդ կետերի վկայակոչմամբ, քանի որ դեղերի գրանցամատյանում արտացոլված են դեղը բնութագրող 11 ցուցանիշներ, որոնց մեջ չեն մտնում դեղերի ներմուծումը մերժելու հրամանի փաստական հիմքում նշված բաղադրակազմի <<օժանդակ նյութի քանակ>>-ի վերաբերյալ տեղեկույթը: Միաժամանակ անդրադարձել էինք դեղերի գրանցման ռեեստրի (գրանցամատյանի) հարցին և հայտնել, որ վարչական մարմինը ունեցել է օրենքով սահմանված պարտականություն՝ ապահովելու ՀՀ-ում պետական գրանցում ստացած դեղերի գրանցամատյանի պատշաճ վարումը, ՀՀ-ում պետական գրանցում ստացած դեղերի բժշկական կիրառման հայերեն հրահանգի (դեղի ընդհանուր բնութագրի) և օգտագործման հրահանգի (ներդիր-թերթիկի) հրապարակայնությունը և տեղադրումը Լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, որոնք սույն գործով իրականացված վարչական վարույթի ընթացքում չեն պահպանվել:
Միաժամանակ, հայցադիմումում նշել էինք, որ վարչական մարմինը դեղերի ներմուծումը մերժելիս հիմք է ընդունել լիազոր մարմին չհանդիսացող առևտրային կազմակերպության էլեկտրոնային կայքում վերբեռնված ՀՀ-ում պետական գրանցում ստացած դեղերի վերաբերյալ տեղեկույթը, այնինչ <<Դեղերի մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասին 5-րդ կետով Օրենսդիրը դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններ կազմակերպելու և իրականացնելու իրավունք վերապահել է բացառապես առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնին` ՀՀ առողջապահության նախարարությանը:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը, նույն օրենսգրքի 50-րդ հոդվածի առաջին մասը, <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերը, նույն օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասը, Դատարանը սահմանեց, որ փակ բաժնետիրական ընկերությունն իրավաբանական անձ է, որը հանդիսանում է քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների առանձին մասնակից, այլ կերպ՝ իրավաբանական անձը հանդիսանում է իրավահարաբերությունների ինքնուրույն սուբյեկտ՝ անկախ այն հանգամանքից՝ ընկերության բաժնետերը ֆիզիկական, իրավաբանական անձ է, Հայաստանի Հանրապետությունը, թե որևէ համայնք:
Ամփոփելով վերը շարադրվածը՝ Դատարանը եզրահանգել է, որ իրավաբանական անձ հանդիսացող <<Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն>> ՓԲ ընկերության կողմից իրականացված փորձաքննությունը չի կարող նույնանալ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված և իրականացված փորձաքննության հետ:
Վիճարկվող հրամանի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրա ընդունման համար հիմք է հանդիսացել նաև <<Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն>> ՓԲ ընկերության կողմից տրված փորձագիտական եզրակացությունը:
Այսինքն՝ հայցվոր ընկերության կողմից դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն մերժվել է՝ հիմք ընդունելով իրավաբանական անձ հանդիսացող բաժնետիրական ընկերության կողմից տրված փորձագիտական եզրակացությունը, մինչդեռ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը վերապահված է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին՝ ՀՀ առողջապահության նախարարությանը:
Այսպիսով Դատարանը, հետազոտելով և գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, գտավ, որ առկա են <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասով սահմանված հիմքերը՝ վիճարկվող հրամանն անվավեր ճանաչելու համար: Իսկ ինչ վերաբերում է հայցադիմումում վկայակոչված մյուս փաստարկներին, ապա Դատարանը բավարար հիմք համարեց վերոնշյալ փաստարկի հիման վրա անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը՝ այլ հիմքերին անդրադառնալու անհրաժեշտության բացակայությամբ:
Ծանոթություն.
Թիվ ՎԴ/1718/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: