Տեսչական մարմնի հերթական որոշումն անվավեր ճանաչվեց
- 2023-05-05
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որոշմամբ ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ 4,000,000 ՀՀ դրամի չափով:
Տվյալ որոշման համաձայն՝ Հայցվորը ներմուծել և իրացրել էր ՀՀ-ում չգրանցված դեղեր, որով և խախտել էր «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի պահանջները:
Դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ համարեց պարզել, թե արդյո՞ք վարչական մարմնի կողմից պահպանվել էին վարչական տույժ նշանակելու ժամկետները, ինչպես նաև արդյո՞ք ենթադրյալ իրավախախտումը հայտնաբերվել էր համապատասխան ստուգումների արդյունքում, որպիսի փաստարկները ներկայացվել էին հայցով:
Ուսումնասիրելով գործում առկա ապացույցները՝ դատարանն արձանագրեց, որ տվյալ վարչական իրավախախտման մասով չէր կատարվել փաստացի որևէ ստուգում, այսինքն՝ ենթադրյալ իրավախախտումը չէր հայտնաբերվել ստուգմամբ, հետևաբար վարչական տույժ նշանակելու պահին արդեն իսկ լրացել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երկամսյա ժամկետը, ուստի Հայցվորը ենթակա չէր վարչական պատասխանատվության:
Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը եկավ այն եզրահանգման, որ վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ, ուստի անվավեր ճանաչեց այն:
Ծանոթություն.
Թիվ ՎԴ/12063/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: