Տրանսպորտային միջոցը՝ որպես տիրազուրկ գույք
- 2023-03-21
Քաղաքացին իր տիրապետման և օգտագործման տակ շուրջ քառասուն տարի գտնվող տրանսպորտային միջոցն այլևս չէր կարող շահագործել, քանի որ դրա նկատմամբ ճանաչված չէր վերջինիս սեփականության իրավունքը:
Ձեռքբերված տրանսպորտային միջոցը հաշվառելու նպատակով բազմիցս դիմել էր ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայությանը, սակայն հաշվառում չէր կատարվել՝ իրավահաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով: Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելն իսկապես անիրագործելի էր, քանի որ տրանսպորտային միջոցն ի սկզբանե ձեռք էր բերել նրա հայրը՝ դեռևս 1930-ական թվականներին, իսկ ձեռքբերման վերաբերյալ տվյալները բացակայում էին և անհնար էր ճշտել:
Այնուամենայնիվ, քաղաքացին կատարել էր տվյալ տրանսպորտային միջոցի ընթացիկ և հիմնանորոգման բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որպես սեփական գույք՝ բարեխղճորեն, բացահայտ օգտագործել և տիրապետել էր այն:
Դատարանը, բազմակողմանի ուսումնասիրելով գործում առկա նյութերը՝ հիմք ընդունեց բոլոր այն փաստերը, որոնց համաձայն ՝ բացակայում էին ավտոմոբիլի գրանցման, հաշվառման և հաշվառումից հանված լինելու վերաբերյալ տվյալները, ինչպես նաև բացակայում էին հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալները: Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցը որպես սեփական տիրապետելու և օգտագործելու փաստին, ինչպես նաև բարեխղճության հանգամանքին, ապա դատարանը հիմք ընդունեց վկաների գրավոր հայտարարությունները և հաստատված համարեց, որ հայցվորի կողմից տիրապետումը եղել է բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ:
Արդյունքում, դատարանը վճռեց հայցը բավարարել՝ նկատի առնելով, որ առկա են գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ սահմանված բոլոր իրավական և փաստական հիմքերը:
Ծանոթություն.
Թիվ ԿԴ2/1528/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: