Հերթապահող բժիշկը նույնպես իրավունք ունի ստանալ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ


  • 2023-03-16

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը մերժել էր Լ. Ա.-ի՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը: Ծառայության դիրքորոշմամբ բժշկական կենտրոնի ռենտգենաբանական բաժանմունքում, որպես հերթապահ բժիշկ աշխատելու տարիները, չեն կարող ներառվել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի 15 օրացուցային տարվա ստաժում:
Խնդիրը, փաստորեն, Ծառայության տարբերակված մոտեցումն էր՝ բժիշկ ռենտգենոլոգ և հերթապահող բժիշկ ռենտգենոլոգ հասկացությունների միջև:
Դատարանը, ուսումնասիրելով Հայցվորի աշխատանքային գրքույկը և հաշվի առնելով կողմերի ներկայացրած իրավական դիրքորոշումները, եզրահանգեց, որ ռենտգենաբանական բաժանմունքի հերթապահ բժիշկը կատարում է նույն բժիշկ-ռենտգենոլոգի աշխատանքը՝ պարզապես հերթապահության ռեժիմով:
Վկայակոչելով ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ձևական պահանջների չարաշահման արգելքի սկզբունքը՝ դատարանն արդարացիորեն փաստեց, որ Հայցվորին լոկ ձևական պահանջներով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի տրամադրումը չէր կարող մերժվել, քանի որ տվյալ դեպքում էական է կատարված աշխատանքի բնույթը, որը համապատասխանում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքին:
Այսպիսով, դատարանը հաստատված համարեց այն փաստը, որ վարչական մարմնի կողմից ընդունված որոշումը իրավաչափ չէ, որպիսի պայմաններում հայցը բավարարեց և պարտավորեցրեց Ծառայությանը նշանակել արտոնյալ պայմաններով կենսաթոշակ:

Ծանոթություն.
Թիվ ՎԴ/6050/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Share