ՀՀ Սահմանադրական դատարանի նոր որոշում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ


  • 2017-09-18

ՀՀ Սահմանադրական դատարանի նոր որոշում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ:

Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերության փաստաբաններ Կարեն Կարապետյանի և Հայկ Սահակյանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ արձանագրել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու և առանց քննության թողնելու հետ կապված հետևյալ կարևոր հանգամանքները.
Ներկայացված դիմումով հայտնել էինք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու և վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումներով ձևավորված իրավակիրառ պրակտիկան հակասում է ՀՀ Սահմանադրությանը:


ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է. 
1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն բողոքի հետ կապված առկա բոլոր սխալները:
Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ վճռաբեկ բողոքի հետ կապված բոլոր թերությունները չնշելը խախտում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված՝ անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը: 
Նշվածից հետևում է, որ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է ընդունվի վարույթ, եթե բողոք բերող անձը վերացրել է վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր սխալները:


2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով կայացված որոշում և հետևաբար չի կարող դրվել վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքում:
Սահմանադրական դատարանը արձաանագրել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելն այն հիմքով, որ բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, չի վերաբերում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմանն այն պատճառով, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի կարող անդրադարձ կատարվել վճռաբեկ բողոքի հիմքերին, քանի որ դատավարության տվյալ փուլում դրանք քննության առարկա չեն դառնում:
Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը անդրադարձել է նաև սույն գործին միացված Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի դիմումներին և արձանագրել հետևյալը.


3. Բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացրած նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին ուղարկելը չի բխում անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:
Այն դեպքերում, երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ:


Վերոնշյալ հիմնավորումներով ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը և 233.1 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը դիմողների նկատմամբ կիրառվել է այդ նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31 հոդվածի առաջին մասի երկրորդ կետի համաձայն՝ սույն որոշումը կարող է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ նաև այն անձանց համար, ում նկատմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է համանման որոշում՝ ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմանը նախորդող վեց ամսվա ընթացքում

Share