Օրենսդրական փոփոխություններ


  • 2021-06-14

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք.

Փոփոխվելու են պետական տուրքին վերաբերող 102-րդ հոդվածի դրույթները.

  • ուժը կորցրած է ճանաչվելու 102-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:
  • 102-րդ հոդվածը լրացվելու է 12-րդ մասով, որն ունի հետևյալ բովանդակությունը՝ եթե գործը պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում դատարանը որոշում է կայացնում այն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի չափը։ Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված չափին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:

Նոր բովանդակությամբ է լրացվելու նաև դատական ծախսերի բաշխումը գործին մասնակցող անձանց միջև 109-րդ հոդվածը, այն է՝ վճարման կարգադրություն արձակվելու դեպքում պարտապանը կրում է դիմողի վճարած պետական տուրքի հատուցման պարտականությունը:

Հաջորդիվ, Օրենսգրքի 301-րդ հոդվածը (Պարզեցված վարույթը դադարեցնելը) լրացվելու է 2-րդ մասով, այն է՝ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշման մեջ դատարանը նշում է կատարում եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու հնարավորության վերաբերյալ:

Փոփոխվելու է նաև Օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը: Այսպիսով, վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումին կից պահանջը հաստատող ապացույցներից բացի անհրաժեշտ է լինելու կցել նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը:

Եվ վերջում՝ Օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-րն մասը լրացվելու է նոր բովանդակությամբ, այն է՝ վճարման կարգադրության մեջ, ի թիվս այլնի, պետք է լինեն եզրահանգումներ պետական տուրքի վճարման կամ դիմողի վճարած պետական տուրքի հատուցման վերաբերյալ:

Ծանոթություն.
Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումները պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում պարզեցված վարույթը դադարեցնելու դեպքում կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։

(Փոփոխությունն ընդունվել է 19.04.2021 թվականին և ուժի մեջ է մտնելու 29.10.2021 թվականին)

Տե՛ս https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=152131  հղումը:

Share