Դատական պաշտպանության համար վճարվելիք պետական տուրքերի չափն ավելանում է
- 2021-06-29
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում էականորեն բարձրացվել են պետական տուրքի դրույքաչափերը: Փոփոխությունների հիմքում դրվել է այն հիմնավորումը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների (այսուհետ` Տուրք) համար պետական տուրքի դրույքաչափերը, չհաշված հետագայում համալրված Տուրքի տեսակները, փոփոխության չեն ենթարկվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1999 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՕ-4 օրենքի ընդունումից ի վեր: Արդյունքում Օրենքի գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը:
Մեր գնահատմամբ դրույքաչափերի ավելացումն ուղղակիորեն պետք է հանգեցնի արդարադատության որակի բարձրացման:
Այսպես՝
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող, այդ թվում՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի կողմից ներկայացվող հայցադիմումների համար`
ա. դրամական պահանջով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 25,000-ապատիկից:
բ. ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով:
Արդյունքում մեկ տոկոսով բարձրացել է դրամական պահանջով հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի չափը, միաժամանակ 4 անգամ ավելացել է սահմանված նվազագույն շեմը (նախկին 1,500 ՀՀ դրամի փոխարեն դարձել է 6,000 ՀՀ դրամ) և սահմանվել է դրամական պահանջով հայցադիմումի համար պետական տուրքի առավելագույն շեմ, այն է՝ ոչ ավելի բազային տուրքի 25,000-ապատիկից: Ինչ վերաբերում է ոչ դրամական պահանջով հայցադիմումին, ապա շուրջ 5 անգամ բարձրացել է նման պահանջով հայցադիմումի համար պետական տուրքի չափը (նախկին 4,000 ՀՀ դրամի փոխարեն դարձել է 20, 000 ՀՀ դրամ):
2. Հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար բազային տուրքի 20-ապատիկի չափով:
Դեռևս գործող կարգավորումներով հատուկ վարույթի գործերով պետական տուրքի չափը որոշակիորեն տարբերակված է՝ ըստ դիմումի տեսակի: Նոր փոփոխություններով հատուկ վարույթի բոլոր գործերի համար սահմանված է պետական տուրքի միևնույն չափ, այն է՝ 20,000 ՀՀ դրամ: Միջինում հատուկ վարույթի գործերով պետական տուրքի չափը բարձրացել է տասն անգամ:
3. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար բազային տուրքի 15-ապատիկի չափով: Նշված դիմումների համար պետական տուրքի չափը բարձրացել է գրեթե 4 անգամ (նախկին 4,000 ՀՀ դրամի փոխարեն դարձել է 15, 000 ՀՀ դրամ):