Ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրումը


  • 2017-11-28

- Արդյո՞ք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու համար.

- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու մի շարք հիմքեր: Այդ հիմքերից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը: Ընդ որում, ձեռնարկատիրական գործունեության իրականացումը կարող է հիմք հանդիսանալ և՛ ժամանակավոր, և՛ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար («Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ, 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ):

- Իսկ արդյո՞ք օտարերկրացրու կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ չէ ունենալ կացության կարգավիճակ.

- Ոչ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կացության կարգավիճակի առկայությունը պարտադիր չէ: Ընդհակառակը, կացության կարգավիճակը, ի թիվս այլ հիմքերի, տրվում է այն անձանց, ովքեր արդեն իսկ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ:

- Ինչ պետք է անի անձը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար.

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (հոդված 26) նախատեսում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մի քանի տարբերակ՝

-տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ դրանց մասնակիցը լինելու միջոցով,

-որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու միջոցով,

-որոշ դեպքերում նաև առանց պետական գրանցման կամ հաշվառման:

Տնտեսական ընկերությունը պետք է գրանցված լինի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: Նույն գործակալությունն իրականացնում է նաև անհատ ձեռնարկատերերի հաշվառումը:

- Ի՞նչպես է հաստատվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը.

- Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը հիմնավորելու համար անձը կարող է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացնել ընկերության գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վերաբերյալ փաստաթղթեր (պետական գրանցամատյանից կատարված քաղվածք, գրանցման կամ հաշվառման վկայական, կանոնադրություն):  Ընդ որում, նշված փաստաթղթերը կարող են ինքնին բավարար չլինել անձի կողմից փաստացի ձեռնարկատիրական գործունեության իրականացման փաստն ապացուցելու համար: Այդ պատճառով, դիմողը կարող է այդ փաստը հաստատելու համար ներկայացնել նաև այլ ապացույցներ (օրինակ՝ հարկային հաշվետվություններ, պայմանագրեր, վճարման վերաբերյալ փաստաթղթեր և այլն):

- Որո՞նք են ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակների տարբերությունները.

- Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև մեկ տարի ժամկետով, իսկ մշտականը՝ մինչև 5 տարի ժամկետով (երկու դեպքում էլ նույն ժամկետներով երկարացնելու հնարավորությամբ): Տարբեր են նաև ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու հիմքերը, սակայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը երկու դեպքում էլ հիմք է հանդիսանում կացության կարգավիճակ ստանալու համար:

Բացի այդ, եթե ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար վճարվող պետական տուրքի գումարը կազմում է 105 000 ՀՀ դրամ, ապա մշտական կացության կարգավիճակ ստանալու համար այն կազմում է 140 000 ՀՀ դրամ:

- Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար

- Կացության կարգավիճակ ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը նախատեսվում է ՀՀ կառավարության 07.02.2008թ. N 134-Ն որոշմամբ, որի համաձայն՝ անձը պետք է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացնի՝

1) դիմում.

2) 35 x 45 մմ չափի երեք գունավոր լուսանկար.

3) անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

4) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր (ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը ապացուցող փաստաթղթեր).

5) առողջական վիճակի մասին տեղեկանք.

6) պետական տուրքի վճարման անդորրագիր (105 000 կամ 140 000 ՀՀ դրամ):

- Ի՞նչ ժամկետում է դիմումի կապակցությամբ որոշում կայացվում

- Դիմումի վերաբերյալ որոշումը կայացվում է դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում («Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս):

Այդ ժամկետի ընթացքում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և կայացնում է կացության կարգավիճակ տալու կամ դիմումը մերժելու մասին որոշում:

Նշված ժամկետի ընթացքում անձնագրային և վիզաների վարչությունը կարող է միջոցներ ձեռնարկել անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը ճշտելու ուղղությամբ: Այդ նպատակով, անձնագրային և վիզաների վարչությունը կարող է կատարել հարցումներ պետական մարմիններից և այլ կազմակերպություններից:

- Ի՞նչ կարգով է երկարացվում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակը:

- Կացության կարգավիճակի երկարացման համար անձը նորից պետք է դիմում ներկայացնի ՀՀ անձնագրային և վիզաների վարչությանը: Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ («Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ընդ որում, կացության կարգավիճակը երկարացնելու մասին դիմումին կից այլևս պետք չի ներկայացնել անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը, քանի որ այն ներկայացվել է նախորդ դիմումին կից:

Պետք է նաև նկատի ունենալ, որ թեև այդ վերապահումը ուղղակիորեն նախատեսված չէ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած անձի կողմից հետագայում մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումի համար, սակայն այդ դեպքում նույնպես անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը կարող է այլևս չներկայացվել:       Դա բխում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի սկզբունքներից:

Մասնավորապես՝ նշված օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:

Նշված սկզբունքներից հետևում է, որ եթե անձը վարչական մարմնին ներկայացրել է որոշակի փաստաթղթեր, ապա հետագայում այդ մամնին դիմելիս վերջինս այլևս պարտավոր չէ ներկայացնել նույն փաստաթղթերը: Խոսքը իհարկե չի վերաբերում այն փաստաթղթերին, որոնցով հավաստվող հանգամանքները կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել (օրինակ՝ առողջության վիճակի վերաբերյալ տեղեկանքը):

- Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ կացության կարգավիճակի ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքում մնալու դեպքում

- Եթե կացության կարգավիճակի ժամկետը լրանալուց հետո անձը կամավոր չի հեռացել Հայաստանի Հանրապետությունից, ապա ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կարող է հայցադիմում ներկայացնել ՀՀ վարչական դատարան, որի արդյունքում դատարանը կարող է կայացնել որոշում՝ օտարերկրացու արտաքսման կամ արտաքսումը մերժելու մասին:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունից արտաքսված լինելու հանգամանքը հիմք է հանդիսանում հետագայում այդ անձին մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի տրամադրումը մերժելու համար:

Բացի այդ, անձի նկատմամբ կարող է կիրառվել տուգանք 50-100 հազար ՀՀ դրամի չափով (Վարչական իրավախախտումների վերրբերյալ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մաս): Տուգանքի գումարը չվճարելը նույնպես հիմք է հանդիսանում հետագայում այդ անձին մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի տրամադրումը մերժելու համար:

Share