ՀՀ ԿԱ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը գտավ, որ խախտվել էին վարչարարության երկու հիմնարար սկզբունքներ


  • 2017-11-20

28.03.2017թ. թիվ Ա2280678623 ապրանքների մատակարարման հարկային հաշվի համաձայն` «ԷՅՉ-ՔՈՆ» ՍՊԸ  կողմից  «Ագազոս» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղ օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղին մատակարարվել էին ապրանքներ: Այնուհետև 11.09.2017 թվականին ընկերության կողմից դիմում էր ներկայացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ  խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն` տեղեկություններ ստանալու նապատակով: Մասնավորապես` խնդրել էինք հայտնել արդյո՞ք հաստատվել էր «Ագազոս» ՍՊԸ-ի կողմից թիվ Ա2280678623 ապրանքների մատակարարման հարկային հաշիվը, թե ոչ:

Սակայն, ի պատասխան դիմումի,  ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության պետը նշել էր, որ դիմումով խնդրարկված տեղեկությունը համարվում է հարկային գաղտնիք, բացի այդ «Ագազոս» ՍՊԸ-ի կողմից համաձայնությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացվել, արդյունքում տեղեկության տրամադրումը մերժվել էր: Որից հետո՝ «Էյչ Էս Փարթներս» իրավաբանական ընկերության կողմից գանգատ ներկայացվեց ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հաձնաժողով:

Մասնավորապես` ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տրված պատճառաբանությունը անհիմն էր, քանի որ վերջինիս կողմից չէին պահպանվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ  օրենքի  մի շարք դրույթներ:

Մասնավորապես` չէր տրամադրվել տեղեկատվություն հատկապես այն պարագայում, երբ միատեսակ փաստական հանգամանքներով նույն վարչական մարմնին նախկինում տրվել էր մեկ այլ դիմում և որով ներկայացված խնդրանքը բավարարվել էր: Տվյալ պարագայում, օրենքը հստակ սահմանում է, որ վարչական մարմինը պարտավոր է միատեսակ փաստական հանգամանք ունեցող խնդիրներին տալ միևնույն լուծումը: Այս առիթով հարկ ենք համարել հիշատակել այն հանգամանքը, որ 27.09.2017թ.  ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետի կողմից  հաստատվել էր  «ԷՅՉ-ՔՈՆ» ՍՊԸ  կողմից  «Ագազոս» ՍՊԸ ներկայացված հարկային հաշիվը: Բացի այդ, հանձնաժողովը  գտել է, որ պահանջվող տեղեկատվությունը  չի հանդիսանում հարկային գաղտնիք:

Տվյալ պարագայում, կարող ենք փաստել, որ վարչական մարմնի կողմից ավելորդ ծանրաբեռնվածություն էր պատճառվել, ինչի արդյունքում դիմումատուն ստիպված դիմել էր ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողով:

Արդյունքում, ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովը, ուսումնասիրելով գործին առնչվող նյութերն ու ապացույցները, գտավ, որ գանգատը ենթակա է բավարարման:

    

 

 

Share