ՃՈ-ի հերթական որոշումը ճանաչվեց անվավեր


  • 2017-09-14

Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հերթական որոշումը ճանաչվեց անվավեր

Այս անգամ անձը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցը երթևեկելի մասերի հատման եզրից 5մ պակաս վայրում տեղակայելու համար:

Թիվ ՎԴ/1077/05/17 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը, վկայակոչելով «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածի երկրորդ մասը, արձանագրեց հետևյալը՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրավախախտումը հիմնավորող ապացույց կարող է հանդիսանալ բացառապես տեսանյութը կամ լուսանկարը, իսկ նշված վարույթում իրավախախտման հատկանիշները կարող են համարվել պարզված միայն այն դեպքում, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում: Ընդ որում, կասկածի առկայության դեպքում հանգամանքները պետք է մեկնաբանվեն հօգուտ անձի: 

Գործի քննությամբ, մասնավորապես` տեսանյութով, հիմնավորվեց, որ տրանսպորտային միջոցը կայանված է հատվող երթևեկելի մասի եզրի մոտ, սակայն տեսանյութից հնարավոր չէ միանշանակ փաստել երթևեկելի մասերի հատման եզրից տրանսպորտային միջոցի հեռավորության, մասնավորապես` 5մ պակաս վայրում կայանված լինելու հանգամանքը:
Այսինքն՝ տեսանյութը կասկած է հարուցում վիճարկվող որոշման մեջ նշված` Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի 84-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված կանգառ կատարելու կանոնի խախտման փաստը, հետևաբար հայցվորը չէր կարող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի քսանմեկերորդ մասով ենթարվել վարչական պատասխանատվության:

Վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումներով ՀՀ վարչական դատարանն անվավեր ճանաչեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հերթական որոշումը:

Share