Բավարարված պահանջ՝ Գլենդել Հիլզ ՓԲ ընկերության դեմ
- 2017-09-14
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր` Լ.Կատվալյանի, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Մկրտչյանի ընդդեմ «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության՝ պայմանագրերը փոփոխելու, լուծելու, պայմանագրով նախատեսված տույժեր բռնագանձելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Արթուր Միքայելյանի ընդդեմ Կարեն Մկրտչյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, պարզեց.
«Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության և Կարեն Մկրտչյանի միջև 20.05.2008 թվականին կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի մասին թիվ 274 և թիվ 276 պայմանագրերը, որոնց 1.1 կետի համաձայն կողմերը պարտավորվել են կառուցապատվող հողամասում վաճառողի կողմից ծանուցում ուղարկելուց հետո կնքել պայմանագրով նախատեսված պայմաններով հիմնական պայմանագիր բնակարանի առուվաճառքի վերաբերյալ: Պայմանագրերի 2.1.4 կետի համաձայն՝ Կարեն Մկրտչյանը պարտավորվել է կատարել վճարումներ պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելված 1-ով ներկայացված ժամանակացույցին համապատասխան, ըստ որի` վճարումները պետք է կատարվեն մինչև 2011 թվականի նոյեմբերի 30-ը: Իսկ պայմանագրի սահմանումներում՝ որպես կառուցապատման ավարտի ժամկետ նշվել է 30.11.2011 թվականը:
Տվյալ դեպքում, ներկայացված ապացույցների հիման վրա դատարանը հաստատված համարեց, որ շենքի կառուցապատումը կատարվել է նախապես սահմանված ժամկետների խախտմամբ և մինչ օրս չի ավարտվել: Իսկ Կարեն Մկրտչյանը 2009 թվականի դեկտեմբերից դադարեցրել է պայմանագրով նախատեսված ժամանակացույցով վճարումների կատարումը և կատարել է միայն մի քանի մասնակի վճարում:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ և 468-րդ հոդվածները՝ դատարանը հաստատված համարեց այն հանգամանքը, որ «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից կառուցապատման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, սակայն դրանց ավարտման ժամկետ է համարվում 2011 թվականի նոյեմբերի 30-ը: Պարզ է, որ ընկերության կողմից թույլ է տրվել կառուցապատման ավարտի ժամկետի խախտում՝ ավելի քան 1 տարով, ինչն իրավունք է տալիս գնորդին միակողմանի լուծել սույն պայմանագիրը, որի դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին վերադարձնել վերջինիս կողմից վճարված գումարները և սույն պայմանագրի 5.1 կետով սահմանված տույժերը:
Այն պարագայում, երբ «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությունը չի կատարել պայմանագրային պարտավորությունները, գործում է պայմանագրի 5.2. կետը:
Դատարանը գտավ, որ պայմանագիրը լուծելու մասին պահանջը հիմնավոր է և ենթակա բավարարման: Նման պարագայում, երբ կողմերի միջև կնքված պայմանագրերը պետք է լուծվեն, դատարանը գտավ, որ պայմանագրերը փոփոխելու մասով հայցը պետք է մերժել:
Միաժաամանակ, դատարանն արձանագրեց, որ Կարեն Մկրտչյանը ներկայացրել է բավարար ապացույցներ այն մասին, որ մինչև պատասխանողի կողմից պարտավորության կատարման սահմանված ժամկետի ավարտը ինքը ունեցել է հիմքեր ենթադրելու, որ պատասխանողը թույլ է տվել պայմանագրի էական խախտում՝ պարտավորությունը կատարել է ոչ լրիվ ծավալով:
Նման պարագայում, երբ հաստատվել է, որ «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությունը կատարել է պայմանագրային պարտավորությունների այնպիսի խախտում, որը հիմք է հանդիսացել Կարեն Մկրտչյանի համար կատարելու հիմնավոր ենթադրություն այն մասին, որ «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից պարտավորությունը սահմանված ժամկետում չի կատարվի, դատարանը գտավ, որ Կարեն Մկրտչյանի կողմից վճարումներ չկատարելը չպետք է դիտել որպես պայմանագրերով նախատեսված ժամկետի խախտում:
Հետևաբար, սկզբնական հայցվորի պահանջը պայմանագիրը լուծելու և տույժեր բռնագանձելու մասով հիմնավոր է և ենթակա է բավարարման, իսկ հակընդդեմ հայցվորի պահանջը ենթակա է մերժման անհիմն լինելու պատճառաբանությամբ, որպիսի պայմաններում դատարանը վճռեց.
Կարեն Մկրտչյանի հայցը բավարարել մասնակի.
Լուծել «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության և Կարեն Մկրտչյանի միջև 20.05.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին թիվ 274 և թիվ 276 նախնական պայմանագրերը:
Պատասխանող «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությունից հօգուտ հայցվոր Կարեն Մկրտչյանի բռնագանձել 7.929.000 /յոթ միլիոն ինը հարյուր քսանինը հազար/ ՀՀ դրամ, որից 3.426.000 /երեք միլիոն չորս հարյուր քսանվեց հազար/ ՀՀ դրամ` որպես թիվ 274 նախնական պայմանագրով Կարեն Մկրտչյանի կողմից վճարված գումար, 4.503.000 /չորս միլիոն հինգ հարյուր երեք հազար/ ՀՀ դրամ` որպես թիվ 276 նախնական պայմանագրով Կարեն Մկրտչյանի կողմից վճարված գումար: