Կանգառ կամ կայանում կատարելու խախտման ակտ
- 2017-09-14
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում
ՀՀ վարչական դատարանում քննվել են բազմաթիվ վարչական գործեր, որոնք վերաբերել են ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի որոշակիությանը:
Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է «կանգառ և կայանում» կատարելու խախտումների արդյունքում ընդունված վարչական ակտերին: Գրեթե բոլոր դեպքերում ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը /պաշտոնատար անձը/ վարչական ակտում չէր նշում կանգառ կատարելու այն կոնկրետ կանոնը, որը խախտվել է:
ՀՀ Ճանապարհային ոստիկանության նմանատիպ գործելաոճը առաջացրեց օրենքի միատեսակ կիրառման, ինչպես նաև նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու խնդիր:
ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշմամբ բավարարվեց փաստաբաններ Կարեն Կարապետյանի և Հայկ Սահակյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:
Որոշմամբ, մասնավորապես, նշվել է. «Անդրադառնալով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական ակտերի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան զանցակազմը հղում է կատարում ճանապարհային երթևեկության այս կամ այն կանոնին՝ առանց մանրամասնելու այդ կանոնի բովանդակությունը, ապա տվյալ զանցակազմի հիման վրա անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական ակտը պետք է նշում պարունակի ճանապարհային երթևեկության այն կոնկրետ կանոնի մասին, որի խախտման համար անձը ենթակա է վարչական պատասխանատվության: Նման դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածով սահմանված այն իրավական կարգավորումը, որի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի, inter alia, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը: Այլ կերպ ասած՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական գործի շրջանակներում հաստատման ենթակա հանգամանքներից մեկը վարչական պատասխանատվության ենթակա անձի կողմից խախտված ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնն է, որը պետք է անպայմանորեն ներառվի վարչական տույժ նշանակելու մասին որոշման բովանդակության մեջ, եթե վարչական պատասխանատվության հիմք հանդիսացող համապատասխան զանցակազմը չի պարունակում ճանապարհային երթևեկության տվյալ կանոնի նկարագրությունը»:
Թիվ ՎԴ/1769/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշում: