Դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության վերաքննիչ բողոքը


  • 2017-09-15

Փաստաբան՝ Հայկ Սահակյանի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել վիճարկման հայց ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիիկանություն» ծառայության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Նկարագրություն. 

Անձը ենթարկվել էր վարչական պատասխանատվության, այն դեպքում, երբ իրավախախտման կատարման պահին վերջինս չէր գտնվել Հայաստանի Հանրապետությունում:
Վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածը, ինչպես նաև ներկայացնելով անհրաժեշտ ապացույցներ՝ պահանջվել էր անվավեր ճանաչել վիճարկվող որոշումը:
ՀՀ վարչական դատարանի /դատավոր՝ Կ.Ավետիսյան/ 22.08.2016 թվականի վճռով հայցը բավարարվել էր:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիիկանություն» ծառայության կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը /նախագահությամբ՝ Ք.Մկոյանի/, վերահաստատելով ՀՀ վարչական դատարանի դիրքորոշումը, արձանագրել է.
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ հայցվորի կողմից ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 24.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1504015632 որոշումը վիճարկվել է իրավախախտումն այլ անձի կողմից կատարված լինելու հիմքով։ Դրա հիմքում դրվել է ապացույց այն մասին, որ Հայցվորը իրավախախտման ժամանակահատվածում բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որպիսի հանգամանքը հաստատվում է Հայցվորի անձնագրում առկա համապատասխան կնիքներով։ Այսինքն, սրանով ըստ էության բացառվել է այն հանգամանքը, որ իրավախախտումը կատարվել է իր կողմից։ Գործում առկա ապացույցների ուսումնասիրման արդյունքում որևէ կերպ չի հաստատվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ 16.12.2015 թվականի ժամը 00։06-ին Երևան քաղաքում արագության գերազանցումը կատարվել է Հայցվորի կողմից։
Վերոգրյալ պատճառաբանություններով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վերաքննիչ բողոքը:

Ծանոթություն.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն՝ այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

Share