Անվավեր ճանաչվեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշումը


  • 2017-09-20

Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Սահակյանը, դիմելով ՀՀ վարչական դատարան, հայտնել էր, որ
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը չի պահպանել օրենքով
սահմանված իրավական որոշակիության պահանջը: Մասնավորապես՝ հայցվորը ենթարկվել էր վարչական պատասխանատվության կանգառ
կատարելու կանոնները խախտելու համար, սակայն վարչական ակտի ուսումնասիրությունից պարզ չէր,
թե կանգառ կատարելու կոնկրետ ո՞ր կանոնի պահանջը չի պահպանվել վերջինիս կողմից:

ՀՀ վարչական դատարանի դատավոր՝ Մ. Համբարձումյանը 28.11.2016 թվականի (թիվ
ՎԴ/4687/05/16) վճռով հայցի բավարարման հիմքում դրել էր ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ
ՎԴ/2127/05/11 վարչական գործով 18.07.2014 թվականին կայացված որոշմամբ արտահայտած
իրավական դիրքորոշումը՝ վարչական ակտի պարտադիր հիմնավորում պարունակելու վերաբերյալ, ըստ
որի՝ Օրենսդիրը հստակ սահմանել է, որ վարչական ակտը պետք է հիմավորում պարունակի։
Վարչական ակտում պետք է նշվեն համապատասխան վարչական ակտ ընդունելու համար բոլոր էական
փաստական և իրավական հիմքերը։ Օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու
պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն
չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով՝
գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու
հիմնարար իրավունքները։ …»։

ՀՀ վարչական դատարանը բացի այդ հայտնել է նաև, որ ՀՀ կառավարության 28.06.2007
թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և
տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը
հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման 9-րդ բաժինը սահմանում է կանգառի և կայանման
կանոնները, մինչդեռ վիճարկվող որոշման մեջ նշված չի եղել, թե հայցվորը կանգառ կատարելու որ
կանոնը կամ կանոններն է խախտել: Հետևաբար, վարչական մարմինը վիճարկվող որոշումն ընդունել էր
առանց բավարար փաստական և իրավական հիմնավորումների՝ խախտելով վարչական ակտի պարտադիր
հիմնավորում պարունակելու օրենքով սահմանված պահանջը:

ՀՀ վարչական դատարանը նշված հիմնավորումներով անվավեր ճանաչեց ՀՀ ոստիկանության
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական ակտը:

Share