Առանց բավարար ապացույցների տուգանքն իրավաչափ չէ


  • 2020-08-18

Երևան համայնքի որոշմամբ Հայցվորը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.15-րդ հոդվածի երրորդ մասով, ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ 100.000 ՀՀ դրամ գումարի չափով՝ կառուցապատվող օբյեկտում տեղեկատվական ցուցանակ չունենալու և սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելու համար:

Երևան համայնքի գնահատմամբ իրավախախտման փաստը հիմնավորվում էր իրավախտումը հայտնաբերելու պահին կատարված լուսանկարով:

Հարկ է նշել, որ մեր կողմից ներկայացված հայցի հիմքում ընկած էր այն փաստարկը, որ վարչական մարմնի որոշման մեջ ենթադրյալ իրավախախտման փաստը հաստատող վերաբերելի և թույլատրելի ապացույցներ առկա չեն: Բացի այդ նշել էինք, որ վարչական մարմինը Հայցվորի նկատմամբ կիրառելով պատասխանատվության առավելագույն չափ, չի ներկայացրել որևէ հիմնավորում, թե ինչո՞ւ է հատկապես ընտրել պատժի առավելագույն չափը՝ նկատի առնելով այն, որ վերոնշյալ նորմը նախատեսում է վարչական տույժի նշանակում՝ 70.000-ից 100.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Վերոգրյալ հիմնավորումները բավարար համարելով՝ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1020/05/19 վարչական գործով ներկայացված հայցը բավարարեց՝ վերացնելով Երևանի քաղաքապետարանի Հայցվորին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը:

Վարչական դատարանն արձանագրեց, որ վարչական վարույթի նյութերում առկա լուսանկարը չունի որևէ թվագրում և պարզ չէ, թե ե՞րբ է այն կատարված, լուսանկարը հնարավորություն չի տալիս նույնականացնել կառույցը: Ավելին, լուսանկարը արված է միայն կառույցի մի կողմից, և պարզ չէ՝ մյուս կողմում ցուցատախտակ առկա՞ է, թե՝ ոչ:

Վերոնշյալի հաշվառմամբ Դատարանը եզրահանգեց, որ լուսանկարով իրավախախտման դեպքի առկայությունը չի հաստատվում: Միաժամանակ Դատարանը գտավ, որ վիճարկվող որոշումը ընդունվել է վարչարարության հիմնարար սկզբունքներից մեկի՝ համաչափության սկզբունքի խախտմամբ, քանի որ վարչական մարմինը չի հիմնավորել թե հատկապես ինչո՞ւ է կիրառել պատասխանատվության առավելագույն չափը, ինչի արդյունքում խախտել է
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասը:

Share