ՀՀ վարչական դատարանն անվավեր ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի՝ գործողությունը դադարեցված իրավական ակտի հիման վրա ընդունած հրամանը:


  • 2020-08-31

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մերժվել էր Ընկերության կողմից «Հելմինտոքս 125մգ/2.5մլ դեղակախույթ ներքին ընդունման 125մգ/2.5մլ; 15մլ ապակե շշիկ», «Հելմինտոքս 250մգ դեղահատեր թաղանթապատ 250մգ; (3) բլիստերում» և «Ինգավիրին դեղապատիճներ 90մգ; (7/1x7/) բլիստերում» դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: 

ՀՀ առողջապահության նախարարի հիմնավորմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և ներմուծվող դեղերի միջև առկա են եղել որոշ տարբերություններ:

Ներկայացված հայցով հիմնավորվում էր, որ առկա են ՀՀ առողջապահության նախարարի՝ հրամանն անվավեր ճանաչելու մի շարք հիմքեր, այդ թվում՝ սույն գործի փաստերի նկատմամբ գործողությունը դադարած իրավական ակտի դրույթների կիրառումը: 

Վերոգրյալ հիմնավորումները բավարար համարելով՝ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1463/05/19 վարչական գործով ներկայացված հայցը բավարարեց՝ վերացնելով ՀՀ առողջապահության նախարարի դեղերի ներմուծումը մերժելու մասին հրամանը: 

Դատարանը, ուսումնասիրելով հայցի հիմքում ընկած բոլոր փաստական և իրավական հիմքերը, արձանագրեց, որ ՀՀ առողջապահության նախարարի դեղերի ներմուծումը մերժելու մասին հրամանի հիմքում ընկած է գործողությունը դադարած նորմատիվ իրավական ակտի դրույթներ:
Մասնավորապես՝ Ընկերությունը դեղերի ներմուծման հայտը ներկայացրել էր 12.12.2018 թվականին, իսկ հրամանում կիրառվել է ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 581-Ն որոշումը, որի գործողությունը դադարեցված է եղել դեռևս 17.05.2016 թվականին:

Հաջորդիվ Դատարանը, գնահատելով մեր կողմից հայցադիմումում բերված փաստարկը, եզրահանգեց, որ Ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարին խնդրել է տրամադրել ոչ թե դեղերի զուգահեռ ներմուծման հավաստագիր, այլ դեղերի ներմուծման հավաստագիր, ուստի վերջինս հարուցված վարչական վարույթի շրջանակներում պետք է քննության առարկա դարձներ խնդրո առարկա դեղերի ՀՀ ներմուծումը մերժելու հիմքերի առկայությունը, մինչդեռ տվյալ դեպքում նախարարը մերժման հիմքում դրել էր զուգահեռ ներմուծման հավաստագրի տրամադրումը մերժելու՝ իրավական հիմքը:

Վերոգրյալ պատճառաբանություններով ՀՀ վարչական դատարանը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետի համաձայն, անվավեր ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի՝ օրենքի խախտմամբ ընդունած հրամանը:

Share