ՀՀ առողջապահության նախարարի հրամանը կրկին անվավեր ճանաչվեց
- 2021-09-13
Դեղեր ներմուծող Ընկերությանը մերժվել էր դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ առողջապահության նախարարության հիմնավորմամբ՝ ներմուծվող դեղի փորձաքննության ժամանակ պարզվել է, որ գրանցված և ներմուծվող դեղերի միջև առկա են եղել որոշ տարբերություններ, այդ թվում՝ հավելյալ ցուցումներ:
Դատարանը, կիրառելի իրավանորմերի վերլուծության և գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետություն դեղերի ներմուծման, դրա հետ կապված գործընթացների, դեղերի ներմուծման հավաստագրի տրամադրման ու մերժման հարցի լուծումը և, ըստ դրա՝ իրավանորմի կիրառելիությունն օրենսդիրն ուղղակիորեն պայմանավորել է ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետություն դեղերի ներմուծման ու առանձնահատկությունները սահմանող համապատասխան նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, այն է՝ 28.02.2019թ. ընդունված և 28.03.20219 թ. ուժի մեջ մտած թիվ 202-Ն որոշմամբ:
Նման պայմաններում, նկատի ունենալով, որ Ընկերության կողմից խնդրարկվող դեղերի ներմուծման հավաստագիր ստանալու վերաբերյալ հայտը ՀՀ առողջապահության նախարարին ներկայացվել է դեռևս 09.10.2018թ. և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 28.02.2019թ. թիվ 202-Ն որոշումն ուժի մեջ է մտել 28.03.2019թ., Դատարանն իրավացիորեն գտավ, որ Օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետություն դեղերի ներմուծման և դրա հետ կապված գործընթացների, դեղերի ներմուծման և հավաստագրի տրամադրման ու մերժման հարցի լուծումը և, ըստ դրա՝ համապատասխանաբար իրավական հիմքերը քննարկվող դեպքում կիրառելի չեն եղել Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող վերոնշյալ դեղերի համար ներմուծման հավաստագիր տրամադրելու կամ ներմուծումը մերժելու իրավահարաբերությունների նկատմամբ:
Իսկ Ինչ վերաբերում է վիճարկվող հրամանի հիմքում դրված ՀՀ կառավարության 20.09.2000թ. թիվ 581 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգին, ապա Դատարանը փաստեց, որ մինչև 07.04.2018թ. գործած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ իրավական ակտի գործողության դադարեցման հետ միաժամանակ համապատասխանաբար գործողությունը դադարեցված են ճանաչվում նաև այդ իրավական ակտի համաձայն կամ ի կատարումն դրանց ընդունված նորմատիվ իրավական ակտերը կամ իրավական նորմերը, եթե իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, մինչդեռ ՀՀ կառավարության 20.09.2000թ. թիվ 581 որոշումն ընդունված է եղել ի կատարումն 27.10.1998թ. ընդունված և 01.01.1999թ. ուժի մեջ մտած «Դեղերի մասին» ՀՕ-259 օրենքի, որն ուժը կորցրել է դեռևս 17.05.2016թ. ընդունված և 15.12.2016թ. ուժի մեջ մտած «Դեղերի մասին» ՀՕ-86-Ն օրենքով, որպիսի պարագայում գործողությունը դադարեցված է համարվել նաև ՀՀ կառավարության 20.09.2000թ. թիվ 581 որոշումը, քանի որ 17.05.2016թ. ընդունված և 15.12.2016թ. ուժի մեջ մտած «Դեղերի մասին» ՀՕ-86-Ն օրենքով հիշյալ որոշման գործողության վերաբերյալ այլ բան նախատեսված չէ:
Այսպիսով, ՀՀ վարչական դատարանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի ոչ իրավաչափ վարչական ակտը՝ միաժամանակ արձանագրելով, որ խնդրարկվող դեղերի Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելու վերաբերյալ Ընկերության փաստարկներին անդրադառնալու դատավարական անհրաժեշտություն չկա:
Ծանոթություն.
Թիվ ՎԴ/0032/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: