Համայնքի ղեկավարը որոշում էր կայացրել աղբահանության վճար գանձել


  • 2021-09-14

Համայնքի ղեկավարի որոշման համաձայն՝ Հայցվորից հօգուտ համայնքի բյուջեի ենթակա էր բռնագանձման 101,204 ՀՀ դրամ՝ որպես աղբահանության վճարի պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումար:
Որոշումն իրավաչափ չէր, քանի որ կայացվել էր Երևան քաղաքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման հետ կապված հարաբերությունները կարգավորող թիվ 360-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ:
Այսպես,
թիվ 360-Ն որոշման 7-րդ և 8-րդ կետերը սահմանում են աղբահանության վճարը հաշվարկելու եղանակն ու դրույքաչափերը, ըստ այդմ՝ 8-րդ կետով սահմանված աղբահանության վճարը հաշվարկելու եղանակն ու դրույքաչափերը կիրառվում են միայն այն դեպքում, երբ անհնարին է որոշել /պարզել/ ոչ բնակելի շենքերի կամ շինությունների աղբի ծավալը կամ զանգվածը: Հետևաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում 8-րդ կետով նախատեսված աղբահանության վճարի հաշվարկման եղանակն ու դրույքաչափերը կիրառելիս համայնքից պահանջվում է գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության պահանջին համապատասխան պարզել նման անհնարինությունը:
Այնինչ, տվյալ դեպքում վարչական
վարույթի նյութերի և վիճարկվող որոշման բովանդակության ուսումնասիրության արդյունքում դատարանն արդարացիորեն եզրահանգեց, որ ի խախտումն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի չի պարզվել թիվ 360-Ն որոշման 7-րդ կետով սահմանված եղանակով աղբահանության վճարի չափը որոշելու հնարավորության բացակայությունը, այնուհետև՝ ի խախտումն նույն օրենքի 55-րդ հոդվածի և 57-րդ հոդվածների պահանջների, վիճարկվող վարչական վարչական ակտում չի հիմնավորվել թիվ 360-Ն որոշման 7-րդ կետով սահմանված՝ աղբահանության վճարի չափը որոշելու եղանակի, մասնավորապես, աղբի ծավալը և զանգվածը որոշելու անհնարինությունը:
Ավելին՝ դատարանը գտավ, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների խախտումը դրսևորվել է նաև նրանում, որ վիճարկվող ակտը չի բովանդակում փաստական տվյալներ առ այն, թե որ ժամանակահատվածի համար են առաջադրվել պարտավորությունները, ինչ չափով է հայցվոր ընկերությունը կատարել իր պարտավորությունները և ինչպես է գոյացել առաջադրվող պարտավորությունների չափը, որպիսի պարագայում հայցոր կողմը զրկվել է իր իրավունքների պաշտպանությունն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից:

Ինչ վերաբերում է վիճարկվող ակտի ոչ իրավաչափության վերաբերյալ հայցվորի այլ փաստարկներին, ապա դատարանն անհրաժեշտ չհամարեց անդրադառնալ դրանց, քանի որ մյուս փաստարկներն արդեն իսկ բավարար էին վիճարկվող ակտն անվավեր ճանաչելու համար:

Ծանոթություն.
Թիվ ՎԴ/5789/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

 

Share