Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառվեց կեղծ գործարքի անվավերության հետևանքներ


  • 2021-09-14

Բանկի հետ կնքված վարկային պայմանագրերի արդյունքում Հայցվորն ստանձնել էր մեծ ծավալի գումարային պարտավորություններ և հնարավոր բացասական հետևանքից՝ գույքը կորցնելու վտանգից, խուսափելու նպատակով Հայցվորի և վերջինիս քրոջ միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որով Հայցվորն իր բնակարանը սեփականության իրավունքով հանձնել է քրոջը:
Դատարանը գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում եկավ այն համոզման, որ Կողմերի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, այսինքն` գործարքը նպատակ չի հետապնդել կողմերի համար առաջացնել իրավունքներ և պարտականություններ և նշված պայմանագրով Հայցվորն իրականում նպատակ է ունեցել խուսափել Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից:
Դատարանի նման եզրահանգումը հիմնված էր այն փաստի վրա, որ Բանկի և Հայցվորի միջև վարկային պայմանագրերը ժամանակագրական առումով կնքվել էին ավելի շուտ քան վիճելի նվիրատվության պայմանագիրը: Ավելին՝ վարկային պարտավորություններից խուսափելու հանգամանքը հիմնավորվում էր նաև գործում առկա կանխիկ մուտքի անդորրագրերի ուսումնասիրությունից, որոնցից հետևում էր, որ Հայցվորին տրամադրված վարկային պայմանագրերից բխող վճարումները կատարվել են ոչ թե նրա, այլ մեկ այլ անձի կողմից:
Նվիրատվության պայմանագրի կեղծ գործարք լինելու հանգամանքը հաստատվում էր նաև վկայի ցուցմունքի հիման վրա, որով վերջինս հայտնել էր, որ որ տեղյակ է եղել, որ Հայցվորը նվիրատվության պայմանագիրը կնքել է վարկային պարտավորություններից և այլ ֆինանսական խնդիրներից խուսափելու նպատակով և Հայցվորը և իր քույրը ունեցել են պայմանավորվածություն, որ արտերկրից Հայցվորի վերադառնալուն պես բնակարանը պետք է վերադարձվի նրան։
Այսպիսով, նշված հիմքերի առկայությունը Դատարանը դիտեց բավարար՝ Հայցվորի և նրա քրոջ միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու համար, այն է՝ անվավեր ճանաչելու Հայցվորի քրոջ անվամբ տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և ճանաչելու Հայցվորի սեփականության իրավունքը տվյալ անշարժ գույքի նկատմամբ:
 

Ծանոթություն.
Թիվ ԵԴ/25391/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Share