Կապալային հարաբերություններում վնասի հատուցման պահանջը ճանաչվեց անհիմն


  • 2021-10-18

Կողմերի միջև ծագել էին կապալի պայմանագրից բխող հարաբերություններ:
Հայցվորի գնահատմամբ՝ Պատասխանողը ժամանակին չի ավարտել շինարարական աշխատանքները, ինչի պատճառով Հայցվորը վարձել է այլ շինարարների, որոնց շինարարական աշխատանքներն ավարտելու համար վճարել է 1,500,000 ՀՀ դրամ: Այսպիսով, Պատասխանողի պարտավորությունների չկատարման արդյունքում կրել է իրական վնաս, այն է՝ իր խախտված իրավունքները վերականգնելու համար կատարել է լրացուցիչ ծախս՝ 1,500,000 ՀՀ դրամի չափով:
Դատարանը ներկայացված ապացույցների ուսումնասիրության արդյունքում արձանագրեց, որ Հայցվորը չի ներկայացրել կողմերի միջև կապալի պայմանագրից բխող իրավունքների և պարտականությունների ծագած լինելու և Պատասխանողի կողմից պայմանագրային պարտավորությունները խախտելու, մասնավորապես՝ սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու վերաբերյալ փաստերը հիմնավորող որևէ ապացույց:  Որպիսի պայմաններում դատարանը գտավ, որ չի հիմնավորվում նաև այն փաստը, որ հենց Պատասխանողի ոչ օրինաչափ գործողությունների արդյունքում է Հայցվորն ստիպված եղել 11.06.2018 թվականին կնքել բնակարանի վերանորոգման պայմանագիր: Ավելին՝ դատարանն իրավացիորեն նկատեց, որ նշված պայմանագրի կնքումը դեռևս բավարար չէ հաստատված համարելու համար այն փաստը, որ ներկայացված պայմանագիրը կնքվել է Պատասխանողի կողմից որևէ պայմանագրային պարտավորության չկատարման կամ թերի կատարման արդյունքում, քանի որ Դատարանին չի ներկայացվել Հայցվորի և Պատասխանողի միջև կնքված կապալի պայմանագիր, որով հնարավոր կլիներ պարզել Պատասխանողի ստանձնած պարտավորությունները և դրանց կատարման կարգն ու ժամկետները:
Ինչ վերաբերում է Հայցվորի կողմից Պատասխանողին վճարված գումարի վերաբերյալ վճարման անդորրագրին և գումարի հանձնման գրությանը, ապա դատարանն արձանագրեց, որ դրանք պայմանագրային պարտավորությունների ծագման և դրանց կատարման ժամկետը հիմնավորող ոչ թույլատրելի և ոչ վերաբերելի ապացույցներ են:
Այսպիսով, Դատարանը, հետազոտելով և գնահատելով ներկայացված ապացույցները, մեջբերելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, արդարացիորեն եզրահանգեց, որ վիճելի է մնում 1,500,000 ՀՀ դրամ իրական վնասի առկայությունը, պատճառահետևանքային կապը Պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի և 1,500,000 ՀՀ դրամ վնաս պատճառելու միջև, քանի որ ներկայացված ապացույցները բավարար չեն Հայցվորի կողմից վկայակոչած և տվյալ վեճի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը հաստատված համարելու համար, որպիսի պայմաններում վնասի հատուցման պահանջն  անհիմն է և ենթակա է մերժման:

Ծանոթություն.
Թիվ ԵԴ/13094/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Share