Ատամնաբուժական կլինիկայի լիցենզիան կասեցնելու որոշումը մասնակի անվավեր ճանաչվեց
- 2021-10-18
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կասեցվել էր Ընկերությանը ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված լիցենզիաներով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման՝ թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական և բժշկական օգնության և սպասարկման՝ ատամնատեխնիկական, ռենտգենաբանական տեսակներով, զբաղվելու իրավունքը որոշ բժիշկների մասով՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
Անդրադառանալով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հարցադրմանը՝ թե այն դեպքում, երբ Ընկերությունն ունի թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական և օրթոպեդիկ ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակների լիցենզիա, որպիսի բժշկական օգնության և սպասարկման տեսակները ներառված են ընտանեկան ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի մեջ, արդյո՞ք ընտանեկան ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակով զբաղվելու համար Ընկերությանն անհրաժեշտ է առանձին լիցենզիա՝ դատարանը գտավ, որ Ընկերությունը, ունենալով թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական՝ նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացման լիցենզիա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 29.10.2009 թվականի թիվ 1275-Ն որոշման թիվ 1 հավելվածի 22-րդ կետի ուժով համարվում է նաև ընտանեկան ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ձեռք բերած, քանի որ ընտանեկան ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակն իր մեջ ներառում է թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական և օրթոպեդիկ ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակները, և ՀՀ կառավարության 27.03.2008 թվականի թիվ 276-Ն որոշմամբ սահմանված ցանկի համաձայն՝ հանդիսանում է առաջնային բժշկական օգնության տեսակ:
Հաջորդիվ, անդրադառնալով վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու հանգամանքին՝ Դատարանը նկատեց, որ միջին բուժաշխատողների համար վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած լինելու պահանջը ներդրվել է միայն 12.05.2016 թվականից: Այսինքն՝ մինչև 12.05.2016 թվականը միջին բուժաշխատողները (բուժքույրերը) հնգամյա պարբերականությամբ վերապատրաստում անցնելու պարտականություն չեն ունեցել: Այդպիսի պարտականություն վերջիններիս համար սահմանված չէ նաև պատասխանողի վկայակոչած՝ ՀՀ կառավարության 19.07.1994 թվականի թիվ 330 որոշմամբ:
Հետևաբար վիճարկվող հրամանում նշված բուժքույրերի նկատմամբ 30.10.2014 թվականի թիվ 1202-Ն որոշմամբ 29.10.2009 թվականի թիվ 1275-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները կարող էին կիրառվել, և, համապատասխանաբար, բացասական հետևանքներ առաջացնել միայն այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարին լրանալուց հետո, այն է՝ 12.05.2020 թվականից հետո:
Ավելին՝ դատարանը հիմնավոր համարեց հայցվորի փաստարկները թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով 18.07.2014 թվականին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վարչական ակտի պարտադիր հիմնավորում պարունակելու պահանջի վերաբերյալ արտահայտած դիրքորոշման կիրառելիությանը և դրա վերաբերելիությանը սույն գործին:
Ինչ վերաբերում է բժիշկներից մեկի հետբուհական կրթությունը հավաստող փաստաթղթի բացակայության հիմքով լիցենզիաների գործողությունը կասեցվելու պատճառաբանությանը, ապա դատարանն իրավացիորեն արձանագրեց, որ ՀՀ կառավարության 30.10.2014 թվականի թիվ 1202-Ն որոշմամբ կատարված փոփոխություններից հետո բոլոր տեսակի ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար պարտադիր պահանջ է դարձել համապատասխան հետբուհական մասնագիտացումը, բացառությամբ ճառագայթային ախտորոշման սենյակի, որի համար, իր հերթին, սակայն, անհրաժեշտ է համապատասխան վերապատրաստում:
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ տվյալ բժշկի մասով բացակայել է առհասարակ հետբուհական կրթությունը հավաստող փաստաթուղթը, որպիսի պայմաններում տվյալ բժշկի մասով ՀՀ առողջապահության նախարարի հրամանն անվավեր ճանաչելու հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
Այսպիով, դատարանը կայացրեց հայցը մասնակի բավարարելու մասին որոշում:
Ծանոթություն.
Թիվ ՎԴ/9109/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: