Գործարքի անվավերության պահանջը դատարանն անհիմն ճանաչեց
- 2022-03-28
Դիմելով դատարան՝ հայցվորը հայտնել էր, որ իր ամուսինը օտարել է իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասն՝ առանց իր իմացության և համաձայնության:
Մատնանշելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ, 199-րդ, 195-րդ, 303-րդ հոդվածները` հայցվորը խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք` դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը գործի քննության արդյունքում շարադրված փաստերի և կիրառելի իրավանորմերի մեկնաբանման արդյունքում գտավ, որ չի հիմնավորվում վիճելի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը Հայցվորի համաձայնության բացակայության պայմաններում կնքված լինելու փաստը, վիճելի անշարժ գույքի տնօրինման վերաբերյալ այլ համաձայնության առկայությունը, գնորդի տեղեկացված լինելը վիճելի անշարժ գույքի` գործարքի մյուս կողմի` դրա վերաբերյալ տեղեկացված լինելու մասին հանգամանքը:
Այսպես, դատարանն արձանագրեց, որ վիճելի հողամասը վաճառքի պահին հանդիսացել է Հայցվորի և Պատասխանողի ընդհանուր համատեղ սեփականությունը:
Միաժամանակ դատարանը փաստեց, որ անկախ այն հանգամանքից` հողամասը ձեռք բերողը տեղեկացված եղել է, թե ոչ վաճառողի` ամուսնացած լինելու մասին, քաղաքացիական գործում առկա է համաձայնություն, որով Հայցվորը համաձայնվել է համատեղ սեփականության իրավունքով նաև իրեն պատկանող հողամասը վաճառվի ամուսնու կողմից:
Ընդ որում, համաձայնության բովանդակությունը թույլ է տալիս դատարանին հստակ եզրահանգում կատարել այն մասին, որ Հայցվորը ոչ միայն տեղյակ է եղել կնքվող գործարքի մասին, այլև տվել է իր համաձայնությունը գործարքի կնքման վերաբերյալ, ուստի
այդ համաձայնության առկայությունը բավարար էր գնորդի համար ենթադրելու, որ հողամասի վաճառքն ամուսինների փոխադարձ համաձայնությամբ է իրականացվում:
Այսպիսով Դատարանը, հետազոտելով և գնահատելով ներկայացված ապացույցները, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, արդարացիորեն եզրահանգեց, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
Ծանոթություն.
Թիվ ԵԴ/23190/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: