Տեսչական մարմնի հերթական խոշոր չափի տուգանքն անվավեր ճանաչվեց


  • 2022-03-28

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որոշմամբ Հայցվորը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի առաջին մասով ենթարկվել Էր վարչական պատասխանատվության՝ 18,900,000 ՀՀ դրամի չափով:
Որոշման համաձայն՝ Հայցվորը Հայաստանի Հանրապետություն ներմուծել և իրացրել է ՀՀ-ում չգրանցված դեղեր, որով խախտել Է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի պահանջները:
Վերլուծելով և գնահատելով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ` ՀՀ վարչական դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման:
Հայցվորը ենթարկվել էր վարչական պատասխանատվության առավելագույն պատժամիջոց առաջացնող իրավախախտման, այն է՝ դեղերի ներմուծման համար:
Դատարանը փաստեց, որ սույն գործի շրջանակներում վիճարկման առարկա է հանդիսանում սույն իրավահարաբերությունների նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերության կիրառելիությունը՝ Պատասխանողի այն փաստարկմամբ, որ խնդրո առարկա իրավախախտումների բացահայտման և հաստատման համար անհրաժեշտ էր իրականացնել ստուգում:
Դատարանը կիրառելի իրավակարգավորումների լույսի ներքո արձանագրեց, որ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման փաստը բացահայտելու համար լրացուցիչ վարչարարական գործողություններ, որոնք կարող են իրենց բնույթով գնահատվել որպես ստուգում, իրականացնելու անհրաժեշտություն չկա:
Հետևապես ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը չի կարող իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով: Նշված իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը պետք է հաշվարկել ընդհանուր կանոններով, այն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված երկամսյա ժամկետը:
Սույն գործով ձեռք բերված ապացույցների հետազոտությունը վկայում է այն մասին, որ ՀՀ տարածք դեղերի ներմուծման անհրաժեշտ ցանկը ՊԵԿ-ի կողմից Պատասխանողին է տրամադրվել դեռևս 09.07.2018 թվականին (չնայած այն հանգամանքին, որ մայիս ամսին ՀՀ տարածք ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն կարգի, պետք է փոխանցվեր մինչև հունիս ամսվա վերջին աշխատանքային օրը):
Վերոնշյալ տեղեկատվությունը, Դատարանի դիտարկմամբ, անհրաժեշտ և բավարար հիմք էր վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ և 252-րդ հոդվածների կիրառմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և որոշում կայացնելու նպատակով ապացույցներ ձեռք բերելուն ուղղված գործողություններ կատարելու համար:
Հետևապես Դատարանն անհիմն համարեց Պատասխանողի այն փաստարկը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածով նախատեսված՝ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ դեղեր ներմուծելու իրավախախտումը չէր կարող բացահայտվել առանց ստուգում ենթադրող վարչարարական գործողությունների իրականացման:
Վերոշարադրյալ պատճառաբանությամբ և վերլուծությամբ պայմանավորված Դատարանը գտավ, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքով վիճարկվող վարչական ակտը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման:

Ծանոթություն.
Թիվ ՎԴ/12381/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Share