Կառուցապատման օբյեկտում սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելու համար հայցվորը ենթարկվել էր վարչական պատասխանատվության


  • 2022-04-11

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Հայցվորը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.15-րդ հոդվածի 3-րդ մասով ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ տույժի 100,000 ՀՀ դրամի չափով՝ բնակելի տների կառուցման համար նախատեսված շինարարական հրապարակը սահմանազատող ժամանակավոր ցանկապատը պատշաճ չունենալու և սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելու համար:
Երևանի քաղաքապետարանի գնահատմամբ իրավախախտման փաստը հիմնավորվում էր իրավախախտումը հայտնաբերելու պահին արված լուսանկարով:
Դատարանը գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում եկավ այն եզրահանգման, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը սույն գործով վիճարկվող վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի ընթացքում ձեռք չի բերել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող՝ Հայցվորի կողմից կառուցապատվող օբյեկտներում սանիտարական վիճակի ապահովման պայմանները պահպանված լինելու կամ չլինելու փաստը հիմնավորող որևէ ապացույց, ավելին՝ վարչական վարույթի նյութերում բացակայում է նաև ապացույց, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինն առհասարակ քննարկման առարկա է դարձրել հիշյալ փաստը պարզելու հարցը, այդ փաստը հաստատելու կամ հերքելու ուղղությամբ որևէ միջոցներ է ձեռնարկել:
Միաժամանակ դատարանն իրավացիորեն արձանագրեց, որ Հայցվորը վարչական պատասխանատվության է ենթարկվել բացառապես այն արարքի համար, որ կառուցապատվող օբյեկտում շինարարական հրապարակը սահմանազատող ժամանակավոր ցանկապատը պատշաճ չի կազմակերպել, մինչդեռ, կիրառված իրավանորմի դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման օբյեկտիվ կողմը դրսևորվում է կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման և սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելու փաստերի միաժամանակյա առկայությամբ:
Հաջորդիվ, անդրադառնալով Հայցվորի նկատմամբ կիրառված տուգանքի չափի համաչափության հարցին, դատարանը, հիմք ընդունելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրացման խնդրի առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, գտավ, որ Հայցվորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցի ընտրության իրավաչափ լինելու հանգամանքը ևս որևէ կերպ չի հիմնավորվել:

Արդյունքում դատարանը եկավ այն համոզման, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Ծանոթություն.

Թիվ ՎԴ/10207/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Share