Ընկերության արտահերթ ժողով հրավիրելիս անհրաժեշտ չէ ապացուցել մասնակցի շահը


  • 2022-06-06

Հայցվորը, հանդիսանալով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից, հայց էր ներկայացրել դատարան և պահանջել անվավեր ճանաչել ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի ընդունած որոշումը:
Հայցվորի հիմնավորմամբ՝ վերջինս արտահերթ ժողովի հրավիրման վերաբերյալ չէր ստացել որևէ պարզաբանում, թե ինչ իրավական հիմքով էր հրավիրվել արտահերթ ժողովը, միաժամանակ վերջինիս պարզ չէր, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումն ու կանոնադրության փոփոխությունը: Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները արձանագրեց, որ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի իրավասության մեջ մտնող հարցի` կանոնադրության փոփոխության քննարկման և դրա վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով հրավիրված արտահերթ ընդհանուր ժողովը՝ երկու մասնակիցների նախաձեռնության առկայության պայմաններում, բխել էր մասնակիցների և ընկերության օրինական շահերից, քանի որ սույն գործում կանոնադրության փոփոխությունն արտահերթ ընդհանուր ժողովի շրջանակներում քննարկման ենթակա չլինելու, նշված հարցը օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ փաստերի բացակայության պայմաններում վերոնշյալ հանգամանքներն արդեն իսկ բավարար են արձանագրելու ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրման` ընկերության մասնակիցների և ընկերության օրինական շահերից բխելու փաստը հաստատված համարելու համար:
Նման պայմաններում դատարանը եզրակացրեց, որ սույն գործով հիմնավորված չէր այն հանգամանքը, որ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվել էր այն պայմաններում, երբ դա չեն պահանջել ընկերության և մասնակիցների շահերը:
Այսպիսով՝ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողով կարող էր հրավիրվել միայն այն դեպքում, եթե դա են պահանջում ընկերության և նրա մասնակիցների շահերը, իսկ տվյալ դեպքում Դատարանն իրավացիորեն փաստեց, որ ընկերության մասնակիցների` ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող հարցերի քննարկման համար արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու` օրենքով նախատեսված կարգով նախաձեռնության դրսևորումն այլ ապացույցների բացակայության պայմաններում բխում է ընկերության և մասնակիցների շահերից, հետևաբար հայցը հիմնավորված չէ և ենթակա է մերժման:

Ծանոթություն.
Թիվ ԵԱԴԴ/3426/02/17քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Share