Վարչական պատասխանատվության ենթարկելու ժամկետի վերաբերյալ
- 2022-06-28
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որոշմամբ դեղեր ներմուծող ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ <<Դեղերի մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի պահանջները խախտելու համար:
Դատարան ներկայացված հայցով խնդրել էինք պատասխանատվություն առաջացնող ակտն անվավեր ճանաչել՝ վարչական պատասխանատավության ենթարկելու ժամկետն ավարտված լինելու հիմքով:
Ուսումնասիրելով հայցը՝ վարչական դատարանն արձանագրեց, որ վարչարարությունն իրականացվել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված վարչական տույժ նշանակելու համար սահմանված ժամկետների պահպանմամբ, ուստի, այդ իմաստով, հայցվորի փաստարկներն անհիմն համարելով՝ մերժեց ներկայացված հայցը:
Ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, վերլուծելով կիրառելի իրավանորմերը, վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման փաստը բացահայտելու համար լրացուցիչ վարչարարական գործողություններ, որոնք կարող են իրենց բնույթով գնահատվել որպես ստուգում, իրականացնելու անհրաժեշտություն չկա, հետևաբար ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը չի կարող իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով: Նշված իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը պետք է հաշվարկել ընդհանուր կանոններով, այն է՝ պատասխանատվությունը պետք է վրա հասնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված երկամսյա ժամկետում:
Այսպիսով, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը կայացրեց բողոքը բավարարելու, իսկ դատական ակտը բեկանելու և փոփոխելու մասին որոշում:
Ծանոթություն.
Թիվ ՎԴ/12652/05/18վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ: