Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումն անվավեր ճանաչվեց
- 2022-07-27
Դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել էինք, որ պատասխանող Ընկերության հետ կնքած աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծվել էր՝ ներքին իրավական ակտով նախատեսված ընթացակարգի դրույթը խախտելու պատճառով:
Այսպես, Հայցվորն իր անվամբ գրանցել էր ԱՁ և գործունեություն ծավալել ոչ աշխատանքային օրերին և ժամերին, որի մասին տեղեկացրել էր անմիջական ղեկավարին:
Աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու հիմքում ընկած էր պայմանագիրը լուծելու մասին հրամանում փաստական հիմքի և ազատման կոնկրետ իրավական նորմի բացակայության հանգամանքը, ինչպես նաև այն, որ հայցվորը չէր իրազեկվել գործատուի այն ներքին իրավական ակտին, որով նախատեսված է ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքը:
Վերոգրյալ հիմնավորումները հաշվի առնելով՝ դատարանը փաստեց, որ յուրաքանչյուր անհատի համար երաշխավորված է աշխատանքի ընտրության ազատությունը, որն էլ իր հերթին առանց խտրականության աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու երաշխիք է հանդիսանում: Միաժամանակ, անհատը իր մասնագիտական ու այլ ընդունակություններն ազատ դրսևորելու հավասար հնարավորություն է ստանում:
Այնուամենայնիվ՝ աշխատանքի ընտրության ազատության երաշխավորմանը զուգահեռ, նախատեսված է ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության օրենսդրական կառուցակարգեր:
Դատարանը արձանագրեց, որ աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու դեպքը նախատեսող կոնկրետ իրավակարգավորումն իր մեջ չէր բովանդակում այն պայմանների ամբողջությունը, միայն որոնց (կամ դրանցից որևէ մեկի) առկայությամբ էր հնարավոր օգտվել պայմանագիրը սեփական նախաձեռնությամբ լուծելու իրավունքից, ապա այդպիսի դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծող անհատական ակտում պետք էր արտացոլվեր նաև աշխատանքային պայմանագիրն այդ հիմքով լուծելու պայմաններն ու հիմքերը բովանդակող մյուս իրավանորմերը:
Այլ կերպ ասած, եթե աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքը նախատեսված էր մի նորմով, իսկ մեկ այլ նորմով բացահայտված էր աշխատանքային պայմանագիրը լուծելու պայմանները, ապա անհատական իրավական ակտում պետք էր մատնանշել ինչպես դեպքը նախատեսող իրավանորմը, այնպես էլ՝ դեպքը վրա հասնելու պայմանը նախատեսող կոնկրետ իրավակարգավորումը:
Տվյալ դեպքում՝ վիճարկվող անհատական իրավական ակտում բացակայում էին ինչպես իրավական հիմքերը, այնպես էլ համապատասխանաբար փաստական հիմքերը, որպիսի հանգամանքերի արձանագրումն արդեն իսկ բավարար էր անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու համար:
Դատարանն իրավաչափ համարեց նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջը:
Ծանոթություն.
Թիվ ԵԴ/24216/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: