Առոչինչ գործարքի նկատմամբ կիրառվեցին անհիմն հարստացման դրույթները
- 2022-07-28
Դիմելով դատարան՝ Հայցվորը հայտնել էր, որ Պատասխանողի հետ կնքել էր անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, ըստ որի՝ Պատասխանողի ժամանակավոր տիրապետմանն էր հանձնել անշարժ գույք:
Նոտարական վավերացում ստացած պայմանագրով Պատասխանողը պարտավորվել էր, որպես վարձավճար, յուրաքանչյուր ամիս վճարել 1,000,000 ՀՀ դրամ, սակայն վերջինս չէր կատարել վարձակալության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունը, ինչի արդյունքում գոյացել էր 7,200,000 ՀՀ դրամի չափով պարտք:
Նշված գույքի նկատմամբ օգտագործման իրավունքը ենթակա էր պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում, սակայն կողմերից ոչ մեկը չէր կատարել նշված պահանջը, ինչի հետևանքով գործարքը կնքման պահից համարվում էր առոչինչ:
Նման պայմաններում ներկայացրել էինք առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջ, մասնավորապես՝ վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի երկրորդ մասը, հայտնել էինք, որ պատասխանողը պետք է վերադարձնի գործարքով ամբողջ ստացածը, սակայն, քանի որ ստացածը դրսևորվել էր գույքից օգտվելու մեջ, ուստի խնդրել էինք ստացածի արժեքը հատուցել դրամով, ընդ որում՝ որպես արժեքը հավաստող ապացույց հիշատակել էինք կողմերի միջև կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագիրը, որը, որպես գրավոր ապացույց, տեղեկություն էր պարունակում տվյալ անշարժ գույքի օգտագործման արժեքի վերաբերյալ:
ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց պահանջը, սակայն պատասխանողը բողոքարկեց վճիռը, ինչի արդյունքում վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, գտավ, որ սույն վեճի նկատմամբ կիրառելի է անհիմն հարստացման դրույթները: Վերաքննիչ դատարանը բեկանեց դատական ակտը և գործն ուղարկեց նոր քննության:
Գործի նոր քննության ընթացքում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ ճանաչվեց, ի թիվս այլնի, տվյալ անշարժ գույքի օգտագործման ամսական արժեքը, ինչի կապակցությամբ միջնորդեցինք նշանակել փորձաքննություն:
Նշենք, որ օգտագործման տրված անշարժ գույքը հանդիսանում էր ջերմոց և այդ առումով ելակետային նշանակություն ունեցավ պատասխանողի հայտնած այն տեղեկությունը, թե հատկապես ի՞նչ է աճեցրել նշված ջերմոցում, քանի որ այդ հանգամանքի գնահատմամբ նաև հնարավոր եղավ փորձաքննությամբ պարզել ջերմոցի ամսական օգտագործման արժեքը:
Այդուհանդերձ, դատարանն ապացուցված համարեց հայցվորի կողմից պահանջվող գումարի չափը և բավարարեց հայցն ամբողջությամբ:
Ծանոթություն.
Թիվ ԱՎԴ2/0249/02/17 քաղաքացիական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ