Համասեփականատերը պահանջում էր անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը


  • 2022-07-28

Է.Ի-ն համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք էր բերել հողամաս և 2009 թվականին առուվաճառքի պայմանագրով օտարել Ռ.Ս.-ին:
Է.Ի.-ի կինը դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել էր, որ վերջինս տեղեկացված չի եղել նշված գործարքի մասին և չի տվել իր համաձայնությունը:
Դատարան էինք ներկայացրել միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, քանի որ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման հայց կարող էր ներկայացվել մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ այդպիսի գործարքի մասին:
Մեր գնահատմամբ, հայցվորն իր իրավական կարգավիճակից ելնելով, տվյալ գործարքի մասին պարտավոր էր իմանալ հենց գործարքի կնքման պահից, քանի որ հանդիսանում էր համասեփականատեր և բազմիցս կատարել էր այդ կարգավիճակից բխող գործողություններ, որոնք ակնհայտորեն հնարավորություն են տվել հայցվորին տեղեկանալ տվյալ գործարքի առկայության մասին, ուստի նման պայմաններում ստացվում էր, որ հայցվորը բաց է թողել նման պահանջ ներկայացնելու մեկ տարվա ժամկետը:
Դատարանը, գնահատելով գործի քննության ընթացքում ներկայացված ապացույցները եզրահանգեց, որ Հայցվորի կողմից չներկայացվեց որևէ ապացույց, որով կհաստատվեր այն փաստը, որ վիճահարույց գործարքի մասին վերջինս իմացել էր 2018 թվականին և մինչ այդ զրկված էր եղել դրա մասին իմանալու հնարավորությունից, որպիսի պայմաններում Դատարանը եկավ այն համոզման, որ առկա են հայցային վաղեմություն կիրառելու հիմքերը, որով պայմանավորված էլ հայցն ամբողջությամբ մերժեց:

Ծանոթություն.
Թիվ ԵԴ/25392/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Share