Պիտանիության ժամկետն անցած ապրանքի իրացման վերաբերյալ


  • 2022-07-28

Հայցվորը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի որոշմամբ ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
Նշված որոշման համաձայն հայցվորին վերագրվում էր պիտանիության ժամկետն անցած ապրանքների «Raffaello» կոնֆետի, «Մասիս» ֆիրմայի դաղձի թեյի, «Բեկոն» ֆիրմայի ճարպի /սալ/, առանց պիտանիության ժամկետի մակնշման ապրանքի՝ «Բեկոն» ֆիրմայի նրբերշիկների իրացում:
Դատարանն արձանագրեց, որ ցանկացած դեպքում հայեցողական լիազորություններ իրականացնելիս իրավասու մարմինը, ի թիվս այլնի, պետք է առաջնորդվի համաչափության սկզբունքով։ Ընդ որում, կիրառվող միջոցը պետք է լինի չափավոր, այսինքն՝ պետք է առկա լինի արդարացի հավասարակշռություն՝ կիրառվող միջոցի և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև, համաձայն որի` տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Փաստորեն, իրավասու վարչական մարմինը ոչ միայն պետք է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս ապահովի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, այլև պետք է վարչական ակտում հիմնավորի, թե ինչու է ընտրում տույժի հատկապես այդ չափը։ Հիշեցնենք, որ տույժ նախատեսող իրավանորմը սահմանում է նվազագույնից առավելագույն չափ:
Հետազոտելով գործում առկա ապացույցները, ներկայացված փաստարկներն ու իրավական դիրքորոշումները, դատարանը եզրահանգեց, որ վարչական վարույթի նյութերից պարզ չէ, արդյո±ք պատասխանող վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունն իրականացվել էր համաչափության սկզբունքի պահպանմամբ, թե կատարվել էր կամայական ընտրություն՝ կիրառելով հայցվորին վերագրվող արարքի համար օրենքով սահմանված տույժի առավելագույն չափը, ինչպես նաև հասկանալի չէ՝ արդյոք հետապնդվող նպատակին հնարավոր չէր հասնել տույժի նվազ չափի կիրառմամբ։
Այսպիսով, դատարանը հաստատված համարեց այն փաստը, որ վարչական մարմնի կողմից ընդունված որոշումն ոչ իրավաչափ է, որպիսի պայմաններում հայցը բավարարեց՝ անվավեր ճանաչելով ընդունված որոշումը:

Ծանոթություն.
Թիվ ՎԴ/1191/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Share