Արձանագրության կազմմանը պետք է մասնակից դառնա ենթադրյալ իրավախախտը


  • 2023-03-07

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որոշմամբ Հայցվորը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42.1-րդ հոդվածով:
Դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել էինք, որ զննման իրականացմանը խոչընդոտելու հանգամանքը չէր կարող առաջացնել վարչական պատասխանատվություն, քանի որ նորմը պատասխանատվություն է նախատեսում ստուգման, ստուգայցի, ուսումնասիրության և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելու համար:
Բացի այդ, վարչական մարմինը թույլ էր տվել հայեցողական լիազորության սահմանափակման խախտում, միաժամանակ չէր ծանուցել իրականացվելիք զննման օրվա և ժամի մասին, ինչպես նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել էր Հայցվորի բացակայությամբ:
Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, արդարացիորեն փաստեց, որ արձանագրությունում բացակայում է վարչական իրավախախտում կատարած անձի ստորագրությունը, ինչից էլ պարզ է դառնում, որ այն կազմվել է վերջինիս բացակայությամբ: Տվյալ պարագայում Հայցվորը սահմանափակված է եղել իր իրավունքներից օգտվելու հնարավորությունից, ինչը իրավաչափ չէ և չի ապահովում Հայցվորի՝ իր իրավունքներից լիարժեք օգտվելու հնարավորությունը:
Այսպիսով, դատարանը գտավ, որ վիճարկվող վարչական ակտն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի խախտմամբ, ուստի անվավեր ճանաչեց այն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոշարադրյալ հիմնավորմամբ հայցը ենթակա է բավարարման՝ դատարանը չանդրադարձավ հայցադիմումում վկայակոչված այլ փաստական և իրավական հիմնավորումներին:

Ծանոթություն.
Թիվ ՎԴ
/9275/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Share