Ինքնակամ շինարարության վերաբերյալ


  • 2023-03-07

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Ռ.Ս-ն ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ՝ ինքնակամ մետաղական կոնստրուկցիաներով պատշգամբի կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Դիմելով դատարան հայտնել էինք, որ վերոնշյալ որոշումը ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանցակազմը կարող էր առկա լինել միայն անձի կողմից հողամասի վրա շենք կամ շինություն ինքնակամ կառուցելու պարագայում, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորն իր սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցել էր մետաղական կոնստրուկցիաներով ծածկ, այլ ոչ թե շենք կամ շինություն:
Դատարանն արձանագրեց, որ հիմնական, այնպես էլ ոչ հիմնական շինությունների պարտադիր և անհրաժեշտ հատկանիշն է հողի հետ կապակցված լինելու, հողի մակերեսի վրա կառուցված լինելու հատկանիշը: Միաժամանակ, արդարացիորեն փաստեց, որ հայցվորի կողմից կառուցված ծածկը (կամ պատշգամբը) չի կարող որակվել նաև որպես բազմաբնակարան շենքում կամ դրան կից կառույց:
Դատարանը,գնահատելով գործի քննության ընթացքում ներկայացված ապացույցները, եզրահանգեց, որ հայցվորի կողմից կատարված արարքը չի ներառվում <<հողամասի վրա շինության կառուցում>>, ինչպես նաև <<բազմաբնակարան շենքում կամ դրան կից կառույցի կառուցում>> արարքների բովանդակային ծավալում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված զանցակազմի շրջանակներում չէ, որպիսի պայմաններում վարչական պատասխանատվության ենթարկելն իրավաչափ չէ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը հայցը բավարարեց՝ անվավեր ճանաչելով ընդունված որոշումը:

Ծանոթություն.
Թիվ ՎԴ/5534/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Share