Հարկային տեսչության ակտն անվավեր ճանաչվեց
- 2017-10-02
Թիվ ՎԴ/11879/05/13 վարչական գործով վարչական դատարանը բավարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության դեմ Արթուր Մարդյանի ներկայացուցիչ, փաստաբան՝ Կարեն Կարապետյանի կողմից ներկայացված հայցը:
Գործի նախապատմությունը.
11.10.2013 թվականին հայցվոր Արթուր Մարդյանին պատկանող առևտրի տաղավարում կատարվել էր հսկիչ գնում։ Հսկիչ գնում իրականացնող տեսուչը ցանկություն էր հայտնել գնել 7 հատ տաբատ (մեկ տուփ): Տեսուչը, վերցնելով տաբատները և դրանց համար վճարելով 40 000 ՀՀ դրամ, հեռացել էր տաղավարից։ Ստացված գումարը Արթուր Մարդյանի կողմից մուտքագրվել էր հսկիչ-դրամարկղային մեքենա։ Դրանից հետո վաճառողին մոտեցել են 2 հոգի և ներկայացել որպես հարկային տեսուչներ։ Նրանք ՀԴՄ-ից հանել են «Z» հաշվետվություն։ Տեսնելով, որ գումարը մուտքագրված է ՀԴՄ, հայտնել են, որ «հանձնարարագիր է բացված» և միևնույն է վաճառողը պետք է տուգանվի։
Հսկիչ գնում իրականացնելուց հետո հայցվորին է հանձնվել հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հանձնարարագրի օրինակը:
Այնուհետև, 14.10.2013 թվականին կազմվել է նոր հանձնարարագիր, որի հիման վրա իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում։ Ստուգման իրականացման համար հարկային տեսչության աշխատակիցները Արթուր Մարդյանի մոտ չեն եկել, իսկ ստուգում իրականացնելու համար տրված 14.10.2013 թվականի հանձնարարագիրը վերջինիս ուղարկվել է փոստով։
22.10.2013 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի ՀՏ-ի կողմից կազմվել է թիվ 2125449 ակտը, որով Արթուր Մարդյանին առաջադրվել է տուգանք 150.000 դրամի չափով։
ՀՀ վարչական դատարանի կողմից արձանագրվել է երեք հիմնական խախտում, որը թույլ է տրվել հարկային տեսչության կողմից.
1. Վարչական դատարանը արձանագրել է, որ հսկիչ գնում իրականացնելու համար տրված հանձնարարագրում չէր նշվել հսկիչ գնում իրականացնելու հիմքը:
Հսկիչ գնում իրականացնելու կարգը սահմանված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածով:
Նշված կարգի 1.4-րդ կետի համաձայն` հսկիչ գնում իրականացնելու համար տրված գրավոր հանձնարարագրում, ի թիվս այլ տեղեկությունների, նշվում են նաև հuկիչ գնում կատարելու հիմքերը։
Նույն կարգի 1.3-րդ կետի համաձայն` հuկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիuանում`
ա)տնտեuավարող uուբյեկտի կողմից հաշվապահական հաշվառման կանոնների խախտումներ թույլ տալը,
բ)uահմանված կարգով երրորդ անձից uտացված տեղեկությունները.
գ)հարկային մարմնի պաշտոնատար անձի հիմնավորված միջնորդությունը` հuկիչ գնում կատարելու թույլտվություն uտանալու համար:
Տվյալ դեպքում, վերը նշված հիմքերի փոխարեն հանձնարարագրում, որպես հիմք, պարզապես ընդհանրական ձևով նշվել էր «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը: Նշված հիմքերից որևէ մեկի առկայությունը հաստատող ապացույց չէր ներկայացվել նաև գործի քննության ընթացքում: Նշվածը հաշվի առնելով՝ դատարանը գտել էր, որ հանձնարարագրում բացակայում է հսկիչ գնում իրականացնելու իրավական հիմքը:
2. Հարկային մարմնի կողմից խախտվել էր հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների ձեռքբերման կարգը:
Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրները և համապատասխան ֆինանսական միջոցների ձեռքբերման կարգը սահմանվել է 27.11.2003 թվականին ընդունված «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1561-Ն որոշմամբ:
Հսկիչ գնման արդյունքների մասին արձանագրության համաձայն՝ հսկիչ գնումն իրականացվել է 11.10.2013 թվականին, մինչդեռ դատարանն արձանագրել է, որ 11.10.2013 թվականին հսկիչ գնում կատարելու համար 150.000 դրամ գումարը հատկացվել է 14.10.2013 թվականին` հսկիչ գնումը կատարելուց 3 օր անց, և այն ստացել է ոչ հuկիչ գնում իրականացնող անձը, այլ ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության ընթացիկ հսկողության թիվ 1 բաժնի պետ Ա. Խաչատրյանը։
3. Հարկային մարմնի կողմից խախտվել էր ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրի մեկ օրինակը տնտեսավարող սուբյեկտին հանձնելու պահանջը:
Գործի փաստերի համաձայն՝ հարկային մարմինը սկզբում տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացրել է հսկիչ գնում:
Հսկիչ գնումից հետո հարկային մարմինը, հիմք ընդունելով հսկիչ գնման արդյունքները, իրականացրել էր ստուգում: Ստուգման արդյունքների հիման վրա տնտեսվարող սուբյետը ենթարվկել էր վարչական պատասխանատվության:
Հարկային մարմնի կողմից ստուգումը սկսելուց առնվազն երեք օր առաջ հանձնարարագրի օրինակները չեն ներկայացվել տնտեսավարող սուբյեկտին, ինչը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում:
Դատարանի եզրահանգումը
Նշված խախտումների բացահայտման արդյունքում դատարանը վճռել է ոչ իրավաչափ ճանաչել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգմանն ուղղված գործողությունները և անվավեր ճանաչել Արթուր Մարդյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության որոշումը:
Հարկային մարմնի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է:
Այնուհետև, հարկային մարմնի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի ընդունումը նույնպես մերժվել է:
Վերոնշյալ տեքստում իրավական ակտերի դրույթները և դատարանի կողմից արձանագրված փաստերը ներկայացված են կրճատումներով: